Home / Կանանց իրավունքներ / Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. նախարար

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. նախարար

«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որոնք վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին: Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ընդունելով Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Ռեյչել Դենբերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը նշել է, որ հատկապես կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նախարարությունը բավականին մարտական է տրամադրված: Այս համատեքստում նախարարը կարևորել է հեղինակավոր միջազգային կառույցների հետ համագործակցությունը, քանի որ այդ դժվարին գործընթացում կարևոր է լինելու նաև նրանց աջակցությունը:

Բաթոյանը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարության հավանությանն է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով երկու կարևորագույն գործընթացի մեկնարկ է տրվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց աշխատակիցներին ներկայացվող պահանջների սահմանում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց դրամական օգնության հատկացում: «Կարող եմ ասել, որ այս զուտ տեխնիկական որոշումների ընդունումից հետո Կառավարության անդամները շնորհավորում էին միմյանց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնելու կարևորությունը: Մենք հավատում ենք, որ հայ ավանդական ընտանիքը հիմնված է սիրո և հարգանքի վրա, և պետությունը պետք է կանգնի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին», – ասել է նախարարը:

Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրենը նշել է, որ լիահույս է ՀՀ կառավարության և մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հետագա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, և նշել, որ պատրաստ են աջակցել հատկապես փորձի փոխանակման գործընթացում։

«Մեր համագործակցությունն այս կառույցի հետ մշտապես իրականացվել է փոխօգնության և փոխլրացման տրամաբանության ներքո: Երբեմն մենք կարող ենք չկիսել միմյանց տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց միևնույն է, այն գիտակցումը, որ բոլորիս նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, անփոփոխ է: Լիահույս ենք, որ մեր հետագա համագործակցությունը ևս դրված է լինելու այս անքակտելի հիմքի վրա», – Ռեյչել Դենբերի խոսքերն է մեջբերում նախարարության պաշտոնական կայքը: