Քննչական կոմիտեի նախկին քննիչներին մեղադրանք է առաջադրվել 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդերի հափշտակության համար, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):
«Ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015թ.-ին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում և առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7.115.700 դրամին համարժեք 15.000 դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում:
Այնուհետև քննիչ Վ. Ա.-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին,» – ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ Լ. Գ.-ի և Վ. Ա.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Լ. Գ.-ն կալանավորվել է։