«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանն ստիպված եղավ ԱԺ նիստի ժամանակ հիշեցնել մի քանի, իր խոսքով, կարևոր հանգամանք այն մասին, թե ինչպես է պարբերաբար ոտնձգություն իրականացվում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։
Սեպտեմբերի 9-ին Բաբաջանյանի հայտարարությանն այն մասին, թե կա վախ, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություն անելով Ադրբեջանին կարող է տրվել գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորություն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, մասնավորապես, ասել էր․ «Դուք այդ փոփոխության մեջ տեսնում եք, որ Ադրբեջանը, Պակիստանը, Թուրքիան կարող են մտնել ՀԱՊԿ, և մենք չենք կարող դրա դեմ որևէ բան անել, իսկ մենք տեսնում ենք այն, որ որևէ պետություն չի կարող դառնալ ՀԱՊԿ դիտորդ կամ անդամ, որովհետև մենք դրան դեմ կքվեարկենք: Ձեր կանխավարկածով՝ Հայաստանն անկարող պետություն է, իսկ մեր կանխավարկածով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը չունի կաշկանդվածություն պաշտպանելու է իր շահերը»։
«Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ Ռուսաստանի իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Օրերս Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության որոշումը մարտի 1-ի գործով անցնող կարևորագույն մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանության նկատմամբ, թե՞ ոչ։ Երբ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպում է մեր երկրում Ռուսաստանի դեսպանին, և մենք այդ հանդիպման բովանդակության մասին չգիտենք, ի դեպ, լավ կլիներ, որ մեր արտգործ նախարարության ներկայացուցիչն այստեղ ևս լիներ, և մեզ պարզաբաներ՝ ընդհանրապես ի՞նչ ընթացակարգ է գործում, որ մեր երկրի բարձրագույն դատական համակարգի ղեկավարը կարող է ուղղակի նախաձեռնել կամ նրան կարող են հանդիպում խնդրել և նա կարող է հանդիպել և մեզ համար ընդհանրապես անհայտ մնա այդ հանդիպման բովանդակությունը։ Ի՞նչ կարգ է գործում այստեղ։ Եվ վերջերս այդ նույն երկրի պրոպագանդիստական որջ համարվող «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, որը Երևանի կենտրոնում նախկին թալանչի վարչապետներից մեկի տարածքում ձրիաբար նստած արդեն թիրախավորել է իր ֆեյսբուքյան էջերով Հայաստանի սփյուռքյան համայնքները և արատավորում է Հայաստանի իշխանությունը, անվստահություն է սերմանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, դա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանության նկատմամբ, թե՞ ոչ։
Դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել, որովհետև խիզախություն ու համարձակություն չունեք այս հարցերի մասին խոսել։ Ես այսուհետ ունեմ ու կխոսեմ», ֊ ասել է պատգամավորը։