Օգոստոսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունը «2008-ին Արցախից զորք է բերվել» վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը վերահաստատել է իր պաշտպանյալի այն պնդումը, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերից որևէ զինծառայող չի բերվել Հայաստան։ Հովհաննես Խուդոյանը, մասնավորապես, նշել է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ինքնուրույն պետական միավոր, կապ չունի ճանաչված թե չճանաչված, ունի Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր և դրանց կազմից որևէ զինծառայող, այսինքն՝ ԼՂ ենթակայության տակ գտնվող որևէ զինծառայող Հայաստանի Հանրապետություն չի բերվել»։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նաև ճշտող հարց էր ուղղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին, թե արդյո՞ք ազատագրված շրջանները նա չի համարում Արցախի Հանրապետության մաս, որին վերջինս ժխտողական պատասխան է տվել։
«Փաստերի ստուգման հարթակ»֊ը որոշեց գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցչի հայտարարության հետքերով՝ պարզելու, թե վերջինիս խոսքերը և պնդումները որքանով են համապատասխանում իրականությանը։
Նախ և առաջ, պետք է նշել, որ Արցախի Հանրապետության 2008-ին գործող Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը դրույթային կետով չի սահմանում, թե ինչ ասել է Արցախի տարածքային ամբողջականություն, սակայն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում նշվում է՝ «տարածքը` 12.493 կմ2, որից 1.041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից»։ Բացի այդ, «Վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքը սահմանում է, թե որոնք են Արցախի Հանրապետության վարչատարածքային սահմանները։
Թեմայի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանն ամիսներ առաջ հարցազրույց էր ունեցել ԼՂ ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, որտեղ վերջինս ևս հերքում էր, որ Արցախի զինված ուժերից որևէ զինծառայող է եղել Երևանում, ապա մանրամասնում՝ ինքը զինվորականների չի ուղարկել Երևան, այլ «վերադասի հրամանն է կատարել ու հրաման է գրել»:
Ի՞նչ են ասում Մարտի 1-ի գործի քննչական փաստաթղթերը
Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթը հրապարակել էր գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի)՝ Մարտի 1-ի քրեական գործով տված ցուցմունքը, որտեղ վերջինս նշում է. «Մենք դուրս եկանք նախագահականից, մոտ 2 ժամ հետո բանակի հրամանատարից հանձնարարություն ստացա, որ մնամ Երևանում, իրենք գնում են Ղարաբաղ՝ զորքը Հայաստան ուղարկելու համար: Մովսես Հակոբյանն ինձ ասաց, որ հրաման են տվել ԼՂՀ-ի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան քաղաք ուղարկելու համար: Ինձ հանձնարարեց, որ գնամ Երևան քաղաքի Չարբախ թաղամասում գտնվող ՀՀ կենտրոնական հավաքակայան, որովհետև Ղարաբաղի զորքն այնտեղ է մնալու: Հրամանը կատարել եմ, անձամբ գնացել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, զորամասի հրամանատարի հետ կազմակերպել ենք զորանոցների պատրաստումը: Փետրվարի 24-ին ԼՂՀ-ի պաշտպանության բանակի 10-րդ և 18-րդ դիվիզիաներից ու Ստեփանակերտի կայազորից Երևան են եկել մոտ 300 զինծառայողներ»:
Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ ու մարտական փամփուշտներով:
«Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները (շևրոնները) պոկել ենք: Նաև ասեմ, որ զորքը կենտրոնական հավաքակայան էր եկել Պաշտպանության բանակի մեքենաներով, սակայն Երևան գալուց հետո մեքենաների համարները փոխել ենք, տեղադրել ենք Պաշտպանության նախարարության համարանիշները», – ասել էր գեներալ-մայորն իր ցուցմունքի ժամանակ: Ընդ որում՝ նշված գործողությունների իրագործումը Օգանովսկին բացատրել էր նրանով, որ խնդիր էր դրված՝ «ԼՂՀ-ից եկած զորքը չերևա, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի»: Համաձայն նույն ցուցմունքի, մոտ 400 հոգանոց զորք էլ Երևան էր եկել մարտի մեկից օրեր անց՝ ԼՂՀ պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումներից:
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը խեղաթյուրում է դեպքերի ընթացքը՝ պնդելով, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումներից զորք չի եկել Երևան: Ի դեպ, Հովհաննես Խուդոյանն ավելի ուշ պարզաբանում էր ներկայացրել ֆեյսբուքյան գրառմամբ, սակայն չէր հերքել իր արտահայտած «Արցախի զինված ուժերից որևէ մեկը չի մասնակցել Հայաստանում 2008-ին տեղի ունեցած իրադարձություններին» միտքը։