Բի-բի-սիի ռուսական ծառայության տրամադրության տակ են հայտնվել 2008-ի մարտի մեկին Երևանում ընթացող ցույցերի ժամանակ 10 հոգու սպանության գործին առնչվող որոշ փաստաթղթեր։ Օգոստոսի 7-ին հրապարակված հոդվածում ասվում է, որ 2008 թվականի մատիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հարցաննության ժամանակ գեներալը պատմել է, որ 2008-ի փետրվարի 23-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից երկու ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի՝ Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում՝ նաև դիպուկահարներ:
Այդ թեմայի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանը զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հարցազրույցի հատվածները ստորև․
Անդրանիկ Քոչարյան – Արդեն բոլորին է հայտնի և տևական ժամանակ է գաղտնի չի պահվում, որ թե Փաստահավաք խմբի, թե նախաքննական մարմնի տվյալների համաձայն, 2008 թվականին Արցախից Հայաստան բերվել են մեծաքանակ զինվորականներ, և այսօր, երբ հրապարակվել են թե BBC-ի այսպես կոչված արտահոսքը՝ յուրահատուկ ձևակերպումներով, թե Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու նախաքննական մարմնին տված ամբողջական ցուցմունքը, որտեղ, ըստ էության, հաստատվում է դեռևս այն ժամանակ Փաստահավաք խմբում ի հայտ եկած տեղեկությունը, որ Արցախից Հայաստան բերվել են մեծաքանակ զինվորականներ։ Թե ի՞նչ նպատակով, կարծում եմ, նախաքննական մարմինը դեռ մեծ անելիքներ ունի, որպեսզի քննության ընթացքում կարողանա բոլոր հանգամանքները պարզել։ Այս պահին կարող ենք ֆիքսել, որ 700 հոգի 2008 թվականին բերվել են։ Պարոն Կարապետյանը, ով այդ ժամանակ եղել է Ղարաբաղի Պաշտպանության նախարարի տեղակալ, իր ցուցմունքում հաստատում է, որ բոլորը եղել են սպայական և ենթասպայական կազմի ներկայացուցիչներ։ 700 հոգի սպա և ենթասպա նշանակում է Պաշտպանության բանակի սպայական կազմի մեկ երրորդը այն ժամանակվա վերնախավի ցանկությամբ տեղափոխվել է Հայաստան՝ այդ չափաբաժնով էլ անպաշտպան թողնելով բանակի կառավարումը Արցախում։ Դա կարող ենք ֆիքսել նախաքննության ցուցմունքից։
Բայց այնտեղ քննիչի հարցերն այնպիսին են, որ իրենք հարցեր են ուղղում պարոն Կարապետյանին իրենց տեղակայման որոշ հանգամանքների հետ կապված, և հարցերն այնպես են ձևակերպված, որ իրենք հավաստի տեղեկատվություն ունեն, որ հենց այդպես էլ եղել է։ Հիմա թե պարոն Կարապետյանն ինչ է պատասխանում, դա հարցի մյուս կողմն է։ Բայց եթե այդպիսի հարցեր են հնչում, նշանակում է, ինչ֊որ տեղից այդ հարցերի կապակցությամբ եղել են նաև ցուցմունքներ։
Պարոն Կարապետյանի ցուցմունքներից պարզ երևում է, որ ոչ միայն բանակային ստորաբաժանումներ են բերվել, այլ Հայաստան են տեղափոխվել նաև Ազգային անվտանգության ծառայության այլ ներկայացուցիչներ։ Ավելին՝ նաև ոստիկանության ներկայացուցիչներ:
Պարոն Կարապետյանը իր ցուցմունքում նշում է նաև Արցախից Հայաստան տեղափոխված դիպուկահարների մասին։ Հարց է առաջանում․ ով էլ դա կազմակերպած լինի՝ Պաշտպանության նախարարը, Գերագույն հրամանատարը, վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ դիպուկահարներ էին տեղափոխում Երևանի կենտրոն, ի՞նչ խնդիր էին ուզում դրանով լուծել։
Բի-Բի-Սի-ի թղթակիցը ձևակերպում է այդ հարցադրումները, այլ ոչ պատասխանները, և վերնագիրը դնում է այնպես, որ կատարված փաստ է արդեն, որ եղել է նաև 20 հոգու համաձայնություն, որ ցանկացած հրամանի կարող են ենթարկվել, 60 հոգանոց ինչ-որ խումբ, որ տեղակայված է եղել նախագահի նստավայրում։ Իհարկե, պարոն Կարապետյանն իր ցուցմունքում ֆիքսում է միայն իրենց տեղակայման վայրը որպես Կառավարության՝ Մելիք Ադամյանի ներքնահարկում, որպես մարտի մեկին իրենց տեղակայման վայր։ Այսինքն՝ Չարբախից իրենք տեղափոխվել են այդտեղ։
Այնտեղ բազմաթիվ հարցեր կան՝ օլիգարխների ֆինանսավորման հետ կապված և այլն, բայց դրանք դեռևս հարցեր են։ Պարոն Կարապետյանն իր ցուցմունքում նաև նշել է, որ [Արցախից բերված խմբավորման] հոգսերը կառավարել է նախագահի Անվտանգության ղեկավար, այն ժամանակ արդեն գեներալ֊մայոր Սարկիսովը։ Դա խոսում է այն մասին, որ հենց նախագահականից են ղեկավարել այս ամբողջ պրոցեսը․ թե Արցախից Հայաստան զինված ուժերի տեղափոխումը, թե կարիքները հոգալու պրոցեսը։
Քննիչի հարցից երևում է, որ իրենք ունեն նաև այլ տեղեկատվություն՝ կրակելու մասին, բայց Սամվել Կարապետյանը հերքում է իրենց կրակելու փաստը՝ ասելով, որ իրենք էդպիսի հրաման չեն ստացել: Բնականաբար, ինձ մոտ՝ որպես նախկին Փաստահավաք խմբի անդամ և Պաշտպանության և անվտանգության ներկայիս հանձնաժողովի նախագահ, հարց է առաջանում․ իրենք ի՞նչ գործ ունեին այդ ժամանակ Հայաստանում: Սամվել Կարապետյանը երբ որ հրամանը ստանում էր Մովսես Հակոբյանից, ինքը հարց չէր տալի՞ս, թե «գնում ենք Երևան՝ ի՞նչ անենք, դիպուկահարներին ինչի՞ ենք վերցնում, ինչո՞ւ են միայն սպայական կազմը, էդ ի՞նչ կառավարման նոր համակարգ մտցրեցին»։ Այն, ինչ անընդհատ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հերքում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Նույն Սամվել Կարապետյանի ցուցմունքների մեջ հստակ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետն է մշտական կոնտակտ ունեցել Ղարաբաղից բերված զինվորականության և նրա ղեկավարության հետ:
Այնտեղ, իհարկե, բազմաթիվ ճշտելու կամ արդեն ճշտված փաստեր կան նախաքննական մարմնում, որը հետագայում, կարծեմ եմ, հենց դատաքննության ընթացքում պետք է ի հայտ գան: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս․ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ քաղաքականություն, իր քաղաքականություն վերադառնալու լավագույն հարթակը այսօր դատարանում իր անմեղությունը ապացուցելը պետք է լինի և հնարավորություն տալ, որ դատաքննությունը օր առաջ սկսվի, և ոչ թե խափանման միջոցի շուրջ ինքը և իր փաստաբանները անընդհատ տեղապտույտի մեջ պահեն հասարակությանը և մեր ամբողջ արդարադատության համակարգը:
Սերժ Սարգսյանի հրամանագրով նախատեսված էր, որ փաստահավաք խումբը պարտադիր կերպով կարող է իր ուզածը ստանալ։ Բայց մենք տեսնում էինք, որ անընդհատ մեզ խաբում են, սխալ տեղեկատվություն են տրամադրում․․․ Հասկանալով դա՝ մենք անընդհատ նամակագրական ճանապարհով տորպեդահարում էինք նրանց կառուցները, որպեսզի նրանք անընդհար խճճվեն իրենց կողմից մեզ ուղարկելիք կեղծ տեղեկատվության մեջ։ Եվ այսօր էլ նախաքննական մարմինը մեր նամակագրությունը եթե ուսումնասիրել է, տեսել է, որ փաստահավաք խմբից անընդհատ ինչ-որ թղթեր են թաքցրել։
Իշխանափոխությունից հետո ես բազմիցս ֆիքսել եմ, որ նախաքննական մարմինը առաջին հերթին պետք է առգրավեր Ազգային անվտանգության, Ոստիկանության և Զինվորական ոստիկանության համապատասխան կառույցներում եղած այն ժամանակվա ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունն ու դրա ղեկավարությունը հնարավորություն ունենար լիարժեք տիրապետելու այդ ինֆորմացիային։
Բայց պարզվեց, որ մենք ճիշտ էինք մեր կանխատեսումներում, և իրոք Ազգային անվտանգությունում բավականին մեծ քանակությամբ նյութեր անհետացել էին, ինչը ներքին հետաքննության առումով բավականին լուրջ թեմա է Ազգային անվտանգության համար։ Եվ կարծում եմ, շատ լավ է, որ կարողացել են վերականգնել, ինչը նաև նշանակում է հայտնաբերել այն մարդկանց, որոնք ինչ-որ վախերից ելնելով կամ ինչ-որ մարդկանց հրահանգավորմամբ այդ նյութերը փորձել են տանել, թաքցնել, պահել, ոչնչացնել այնպես, ինչպես ոչնչացրել են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որոնց հիման վրա այն ժամանակվա նախաքննական մարմինը պարտավոր էր գնալ լիարժեք բացահայտումների բոլոր սպանությունների և հրաման տվողների առումով։ Բայց մենք տեսել ենք, որ այն ժամանակվա իշխանությունները փորձել են իրենց հետքերը մաքրել, ոնց որ ժամանակին, երբ մեր Փաստահավաք խումբը գնում էր Պաշտպանության նախարարության իրային պահեստ, որպեսզի հայտնաբերեր այդ համազգեստները կամ նրանց մատյանները, ամեն ինչ անում էին, որպեսզի մենք չհայտնվենք այդտեղ։ Եվ դա արձանագրված է, ֆիքսված է, ի վերջո՝ ներկայացված է մեր զեկույցներից մեկում՝ ամբողջական նկարագրությամբ։
Դեռ շատ սյուրպրիզներ են լինելու Մարտի 1-ով, ուզեն թե չուզեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ինչքան էլ ասեն, որ հիմա նախաքննությունը ավարտված է, և այդ նյութերը չեն կարող դեր խաղալ մեղադրականի մեջ։ Նշանակում է՝ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ են արել, ինչից են վախենում և ինչպես պետք է այս նյութերի դեմ ինչ-որ խոչընդոտներ ստեղծեն:
Իսկ եթե իրենք քաղաքական պրոցեսի մասին են խոսում, ճիշտ կանեն, որ բոլոր նյութերը առգրավեն նախաքննական էս պրոցեսի մեջ, որպեսզի իրենք կարողանան հերքել դրանք: Դրանք մերժելով՝ իրենք ավելի շատ են ավելացնում Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի ծավալների նկատմամբ կասկածամտությունը:
Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանն էլ է բացատրություններ տվել որպես վկա։ Հետագայում դեպքերը ոնց կզարգանան՝ դժվարանում եմ ասել, բայց եթե այդ ամբողջ ծավալով դրանք հաստատվեն, բնականաբար, Սերժ Սարգսյանը նույնպես չի խուսափի մեղադրանքից:
Երրորդ նախագահը եղել է այդ ժամանակ հանրապետության վարչապետը, առանց որի գիտության ոչ Արցախից որևէ մեկը կարող էր գալ Հայաստան, ոչ էլ տեղակայվել Կառավարության տպարանի տարածքում՝ էդ պադվալը տպարանն է Կառավարության, որտեղ չգիտես ինչի բոլորը իրենց կցված սպառազինությամբ եկել էին Երևան, որպեսզի պաշտպանեին կարևորագույն օբյեկտները: Ոստիկանության ուժերը, Ազգային անվտանգության, Հայաստանում այլ ուժեր դա չէին կարողանու՞մ անել՝ դիպուկահարների ներգրավմամբ Արցախից ուժեր էին բերել:
Ուզում եմ ասեմ, որ Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել ամբողջ ծավալով՝ ես այդտեղ կասկած չունեմ, և Փաստահավաք խումբը, թե նաև կադրերը ֆիքսում են նաև օլիգարխների մեքենաների առկայությունը նույն Կառավարության շենքի տարածքում, Կառավարության շենքի մեջ․ մենք այդ տեղեկատվությանը տնօրինել ենք, որ եղել են, պարզապես այն ժամանակ Փաստահավաք խումբը փաստեր էր հավաքում, իսկ այսօր նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ տարբերությունը դրա մեջ է, և նախաքննական մարմինը ունի հսկայական ձեռքբերումներ: Ինչքան էլ փորձեն վարկաբեկել նախաքննական մարմնի աշխատանքը այն ուժերը, որոնք սարսափած են այս լիարժեք բացահայտումներից, այն կայքերը, որոնք սպասարկում են այս ամենի դեմ, որոնք պետք է պարզապես շահագրգռված լինեին Մարտի 1-ի էջը փակելով, այսինքն՝ ամբողջական բացահայտմամբ, որպեսզի էս խնդիրը մեր երկրում լուծված և օր առաջ մի կողմ դրված լիներ, բայց տեսնում եք՝ ինչպիսի կատաղի դիմադրություն է գնում, բայց դա որևէ նշանակություն չունի․ դիմադրությունը ի սկզբանե պարտված է, որովհետև Մարտի 1-ի էջը փակելը մեր պետության և պետականության օրակարգային կարևորագույն հարցերից մեկն է: