Այսօր՝ հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) 23-րդ հանդիպումը։ WCIT-ն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն միջոցառումներից է․ մասնակցում են ոլորտի առաջատար ներկայացուցիչներ 83 երկրներից՝ ներկայացնելով ինդուստրիայի 90 տոկոսը։
Բացմանը ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետև այն շատ լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, և ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։
Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն<…>
Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչև մագիստրատուրա և ասպիրանտուրա և ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել և մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»:
Ելույթի վերջում վարչապետը հաջողություն մաղթեց կոնգրեսի մասնակիցներին «բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում»։
«Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, արդարադատության ոլորտ», – իր ելույթում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում ոլորտի զարգացման շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք ընկերություններ իրենց գրասենյակները տեղափոխում են Երևան:
WITSA-ի նախագահ Իվոն Չուն Հայաստանն անվանեց նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ։
Այս տարի WCIT-ի մասնակցության համար 6200 հոգի է գրանցվել։ 1978 թվականից անցկացվող այս համաժողովի համար դա ռեկորդային թիվ է:
Հիշեցնենք, որ բացման տոնակատարությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում։ Ավելի քան 15 երկրներից ժամանած երաժիշտներ՝ մաեստրո Սերժ Սմբատյանի գլխավորությամբ առաջին անգամ նվագեցին իրական ժամանակում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտություն։ Դասական երաժշտությանը հաջորդեց էլեկտրոնայինը՝ Արմին վան Բյուրենի մեկ ժամանոց ելույթով։