Առարկություններ
Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտին
- Համաձայն «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշման մեջ ներկայացված աղյուսակ 2-ի՝ Արփա գետի ավազանում գետային հոսքը 2014թ-ին եղել է 679,8 մլն մ3, իսկ 2021թ-ի համար գնահատված է 648,7 մլն մ3 և 2040թ-ի համար 564,2 մլն մ3։ Այսինքն, կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում Արփայի ավազանում 2021 թվականին գետային հոսքը կնվազի մոտ 4,6%-ով կամ 31,1 մլն մ3-ով, իսկ մինչև 2040 թվականը՝ 17%-ով կամ 115,6 մլն մ3-ով։ Արդյոք Արփայի վտակ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը կազմելիս ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունների այս ցուցանիշները հաշվի առնվե՞լ են։
- Համաձայն վերոնշյալ որոշման մեջ ներկայացված աղյուսակ 3-ի՝ 2019-2021թթ․ Արփա գետի ավազանում արդյունաբերական ոլորտում ջրօգտագործումը կազմելու է տարեկան ընդամենը 0,08-0,09 մլն մ3, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ տարեկան ջրապահանջարկը կազմելու է 1,26 մլն մ3։ Հետևաբար, հայտը պետք է մերժել, քանի որ այն հակասում է ՀՀ կառավարության «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշմանը։
- Մեր ունեցած տեղեկություններով՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի փոփոխված նախագծում և ՇՄԱԳ-ում (2016թ․) ընդհանրապես նշված չէ Դարբ գետից արդյունաբերական նպատակով ջրառ կատարելու մասին։ Բնականաբար, այս առումով գնահատված և փորձաքնված չեն նաև գետի, ջրի որակի, քանակի, էկոհամակարգերի և ջրօգտագործողների վրա ազդեցությունները։ Քանի որ գետից նախատեսվում է անվերդարձ վերցնել էական քանակությամբ ջուր, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, ապա կարծում եք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։
- Ճիշտ է, ընկերությունը պնդում է, որ կատարելու է միայն ջրառ, իսկ այնուհետև ջուրն օգտագործվելու է շրջանառու համակարգով, ի վերջո գոլորշիանալու է և այլ բնական ջրուղիներ ոչ մի արտահոսք չի լինելու, սակայն մենք հիմքեր ունենք չվստահելու այս տեղեկություններին՝ հիմնվելով առնվազն հետևյալ երկու փաստերի վրա․
(ա) 2018թ. նոյեմբերի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված հարցման պատասխանում նշվում է, որ տեսչությունը պարզել է և ընկերությունն էլ ընդունել է, որ 2018թ-ի հունիսի 11-ին «Լիդիան Արմենիա» ընկերության լեռնահատկացման տարածքից հորդառատ տեղումների ժամանակ առաջացած ջրերում լուրջ որակական փոփոխություններ են առաջացել, որոնք լցվելով Արփա գետ՝ աղտոտել են նրա ջրերը, ինչի արդյունքում նաև ձկներ են սատկել այդ տարածքում գործող ձկնաբուծարանում: Այսինքն, իր գործունեության արդյունքում ջրերի վրա զրո ազդեցություն ունենալու մասին պնդող ընկերությունը դեռ շինարարության փուլում աղտոտել է Արփա գետը՝ լուրջ էկոլոգիական բացասական հետևանքներով։
(բ) ELARD-TRC փորձագետների ուսումնասիրության մեջ նշվում է, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում գերագնահատված են ջրի գոլորշիացման ծավալները, ինչը հաստատվում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Կառավարությանն ուղղված սեպտեմբերի 5-ի փաստաթղթում:
Հաշվի առնելով սա և ELARD-TRC-ի փորձագետների եզրակացություններն այն մասին, որ ՇՄԱԳ-ում նշված ելակետային տվյալները մեծ մասամբ թերի ու անվստահելի են, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանց հիման վրա նախարարությունը նոր տեսչական ստուգումներ իրականցնելու առաջարկ է տվել՝ մինչև այդ ստուգումների ու մյուս բոլոր ուսումնասիրությունների ավարտը և արդյունքների ամփոփումը՝ նպատակահարմար չէ այդ ընկերությանը ջրօգտագործման նոր թույլտվություններ տալը:
5. 2018 թվականի օգոստոսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքում տեսչությունը մի շարք խախտումներ էր արձանագրել ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված, մասնավորապես՝ «Եղեգնաձոր ՋՕ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտի համաձայն նրանք նախկինում ջրօգտագործման թույլտվություն չեն ունեցել։ Հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքերով են նրանք ջուր օգտագործել և որտեղի՞ց են վերցրել այդ ջուրը շինարարական փուլի ընթաքում՝ 2016թ-ի սեպտեմբերից մինչև 2018թ-ի հունիսի 22-ը։
6. Հայտն ուսումնասիրելու ընթացքում մեզ համար այդպես էլ պարզ չեղավ, թե ընկերությունը ինչպես է հաշվարկվել Դարբ գետի ջրի ծախսը, սեզոնային տատանումները, արդեն իսկ եղած ջրօգտագործման ծավալները նախատեսվող ջրառի կետից վերև և ներքև ընկած հատվածներում։ Պարզ չէ, թե ընկերությունն ինչպես է հաշվարկել այդ թվերը, որի արդյունքում ցանկանում է 40 լ/վրկ ջրառ կատարել այդ կետից։ Լիարժեք պարզ չէ նաև այն, թե լիազոր մարմինն արդյոք ունի՞ հավաստի և վստահելի տվյալներ գետի էկոլոգիական թողքը ճիշտ հաշվարկելու համար։ Փաստաթղթերի և հայտի մեջ չկան հավաստի հաշվարկներ, որոնք մեզ կհամոզեն, որ Դարբ գետում կա այն քանակությամբ ջուր, որը կբավարարի և՛ 40 լ/վրկ ջուր վեևցնելու, և՛ գետի էկոլոգիական թողքի ապահովման ու նաև Դարբ գետի քանակական, որակական և այլ էկոլոգիական ցուցանիշներ նորմաների մեջ պահպանելու համար: Կարծում ենք, որ եղած տվյալները լիարժեքորեն բավարար չեն ճիշտ հաշվարկներ անելու, հավաստի տվյալներ ստանալու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
8.10.2019