Home / Բանակ / Տարիներով խնդիրն ընդհանրապես չէր լուծվում․ Փաշինյանը հանդիպեց բանակում զոհվածների մայրերի հետ

Տարիներով խնդիրն ընդհանրապես չէր լուծվում․ Փաշինյանը հանդիպեց բանակում զոհվածների մայրերի հետ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում հանդիպել է տարբեր տարիներին բանակում զոհված զինծառայողների մայրերի հետ։ Վարչապետը կրկին ասել է, որ քայլ առ քայլ փորձում է լուծել զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Կառավարության որոշմամբ՝ այդ աջակցությունից արդեն օգտվում են 1998 թվականի հունվարից սկսած զոհված զինծառայողների, ինչպես նաև հաշմանդամություն ստացածների ընտանիքները։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակ է դրվել այդ ցուցակի մեջ ընդգրկել նաև 1998 թվականից առաջ զոհվածների և հաշմանդամություն ստացածների ընտանիքներին։

Վարչապետը, մասնավորապես, ասել է, որ հասկանում է մարդկանց մտավախությունն այն մասին, որ երբ հերթն իրենց կհասնի, վերջին քայլն այդպես էլ չի արվի․ «Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենա սկիզբը»։

Մայրերի թվում էր «Զինվոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով իր ակնկալիքներով կիսվեց վարչապետի հետ․ «Ակնկալիքս, որ էս մայրերին դուք թույլ չեք տա, որ ևս մեկ անգամ կառավարության շենքի դեմն էդ ցեմենտի վրա նստեն ու պահանջեն, որ վարչապետն ուշադրության կենտրոնում պահի էդ ընտանիքները»։ Երբ, ինչպես սեպտեմբերի 19-ին կայացած ակցիայի ժամանակ էր նաև եղել, խոսքը գնաց մարտի մեկի զոհերի ընտանիքներին հատկացված վճարների մասին, Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում երբեմն ավելի հեշտ է խնդիրները չլուծելը, քան լուծելը։

«Այն շեշտադրումները, որոնց շրջանակներում հարցը դրվում է էսպես՝ բա ինչի՞ ուրիշների հարցը լուծվեց և մեր հարցը չլուծվեց, ես դա ճիշտ չեմ համարում և համարում եմ, դա ընդհանրապես հանրային համակեցության տրամաբանությանը հակասող շեշտադրում է։ Երկրորդը՝ շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ որ, ինչպես Դուք եք ասում, իշխանությունների հետ շատ մերձ հարաբերություններ ունեիք, և ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ։ Դուք էն ժամանակ ունեիք բոլոր հնարավորությունները, ինչի՞ չէիք եկել, կառավարության դեմը նստել կամ նախագահականի։

– Էն ժամանակ ոչ մեկ 30 միլիոն չի տվել, ֊ մասնավորապես, արձագանքեց Խաչատրյանը՝ նաև նշելով, որ իրենց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կամ սոցապ նախարարություն տանելու կարիք չկա․ «Ես բոլորի հետ համագործակցելով աշխատում եմ, բայց ես ուզում եմ Ձեր սրտի դաֆթարում մենք էլ տեղ ունենանք»։

Մեկ ժամանոց հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ տվյալ հարցն օրակարգ էր բերվել իր կողմից՝ առանց որևէ մեկի կողմից որևէ բան ասելու, և, նկատել է նա, խնդրի լուծման ընթացքում մարդիկ արդարացիորեն դժգոհություն կարտահայտեն, որ իրենց հարցը լուծվում է «ոչ թե այսօր, այլ վաղը»․ «Բայց դրա համար կա մի պատճառ՝ էդ հարցերը երկար տարիներ ընդհանրապես չեն լուծվել։ Ես Ձեզանից խնդրում եմ հնարավորություն ևս մեկուկես տարվա կամ ավելի կարճ ժամանակում լուծել ևս տասը տարվա հարց, ևս հինգը տարվա հարց»։ Վարչապետն առաջարկեց հանդիպումն ամփոփել՝ զոհվածների հիշատակը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգելով։