Home / Հայաստան / Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում. ինչ են ցույց տալիս թվերը և փորձը

Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում. ինչ են ցույց տալիս թվերը և փորձը

Հունվարի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը:

ՀՌԱՀ նախագահը դա հիմնավորեց նրանով, որ մենք «օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունենք», և եթե, օրինակ, այդ հեռուստաալիքներից մեկի հսկիչ փաթեթը գնի Ադրբեջանը և սկսի հակահայկական քարոզչություն իրականացնել, ՀՌԱՀ-ն այդ դեպքում որևէ իրավասություն չի ունենա՝ քայլեր ձեռնարկելու տվյալ հեռուստաընկերության դեմ: Տիգրան Հակոբյանը հատուկ շեշտեց, որ իր խոսքն ուղղված չէ կոնկրետ ռուսական հեռուստաալիքների դեմ. «Որևէ օտար հեռարձակող, անգամ ամենամոտ երկրից, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի»,- ասաց նա։

Տիգրան Հակոբյանի այս հայտարարությանն իմպուլսիվ արձագանք տվեց Ռուսաստանը: Հայաստանում այդ երկրի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»:

Անցյալի փորձը

Հայաստանի հանրային մուլտիպլեքսում ներառված է արտասահմանյան 5 հեռուստաալիք՝ Мир, Россия, Первый канал (Ռուսաստանի առաջին ալիք), Культура և CNN:

Հանրային մուլտիպլեքսում այդ հեռուստաալիքների առկայության հարցը նոր չէ, որ առաջ է եկել: Տիգրան Հակոբյանն իր տարբեր հարցազրույցներում բազմիցս բարձրաձայնել է այդ թեման, 2019 թվականին խնդրի շուրջ մտահոգություն էր հայտնել ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյանը, որը, ի դեպ, մատնանշել էր հենց ռուսական հեռուստաալիքները:

Ռուսական ալիքների նկատմամբ նման զգուշավոր վերաբերմունքի պատճառներից մեկը, այսպես ասած, անցյալի փորձն է: Մեկ անգամ չէ, որ այդ ռուսական հեռուստաալիքներն օգտագործվել են որպես քարոզչամեքենա և քաղաքական տարբեր դրդապատճառներից ելնելով՝ տարածել են ակնհայտ սուտ կամ մոլորեցնող տեղեկատվություն:

Տարբեր ժամանակներում ռուսական հեռուստաալիքների քարոզչական հարվածն իր վրա զգացել է նաև հայ հեռուստադիտողը: Այսպես, 2015թ. մեծ աղմուկ բարձրացրեց Россия 1-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ «Էլեկտրիկ Երևան» շարժման մասին ռեպորտաժը (տեսանյութը YouTube-ում այս պահին հասանելի չէ), որում շարժումը համեմատվում էր վրացական և ուկրաինական շարժումների հետ և ներկայացվում որպես գունավոր հեղափոխության սկիզբ: Նույն ռեպորտաժում կեղծ պնդումներ էին արվում, որ ցուցարարները զինված են եղել, բռնի ուժ են կիրառել ոստիկանների դեմ, վերջինս էլ ստիպված է եղել ջրցանի օգնությամբ ցրել ցույցը:

Ներքաղաքական շարժումներում դրսի ուժեր գտնելու ջիղը ռուսական հեռուստաալիքների մոտ հատկապես ակտիվացել էր 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո: Օրինակ, ապրիլի 23-ին՝ ՍԵրժ Սարգսյանի հրաժարականի օրը, այդ թեզն առաջ էր մղում Առաջին ալիքի եթերում կազմակերպված քննարկման բանախոսներից մեկը: Նույն քննարկման ժամանակ մյուս բանախոսն էլ պնդում էր, թե Ադրբեջանի հետ ցանկացած ընդհարման դեպքում Ռուսաստանը միակ երկիրն է լինելու, որից Հայաստանը կարող է օգնություն խնդրել, երրորդն էլ ընդհանրապես պնդում էր, որ Հայաստանն իր գոյությամբ պարտական է Ռուսաստանին:

2019 թ. հոկտեմբերին «Ռոսսիա 1»-ի Վլադիմիր Սոլովյովը հյուրընկալել էր Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Վերջինս 27 րոպե պատմում էր իրենց մի հետաքննության մասին, որով «բացահայտել էին», թե ինչպես են Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ և Հայաստանի հեղափոխական իշխանությունների մասնակցությամբ երիտասարդներին սովորեցնում հեղափոխություն իրականացնել:

Ռուսական հեռուստաալիքների մասին այս համատեքստում խոսելիս տեղին կլիներ հիշել նաև «Ռոսսիա 1»-ի ագրեսիվ ռեպորտաժը Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի մասին՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ:

Վիճակագրություն

Մյուս պատճառը, թե ինչու են հանրային թվային մուլտիպլեքսում գործող հեռուստաալիքների մասին խոսելիս առաջինը մտաբերում հենց ռուսական ալիքները, թերևս այն է, որ դրանք Հայաստանում առավել մեծ լսարան ունեն, քան անգլիալեզու CNN-ը:

Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ 2019թ. հունիս-հուլիս ամիսներին կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մի զգալի հատված՝ 32.8 տոկոսը, նախընտրում է տեղեկատվություն ստանալ ռուսերենով, մինչդեռ անգլերենը նախընտրում է հարցման մասնակիցների ընդամենը 4.2 տոկոսը: Ընդ որում, ստորև բերված աղյուսակում երևում է, որ հեռուստատեսությունից ռուսերենով նախընտրում է տեղեկատվություն ստանալ հարցման մասնակիցների 34.7 տոկոսը, իսկ անգլերենով՝ 3 տոկոսը:

Ուշագրավ է, որ հանրային մուլտիպլեքսում գործող «Ռոսսիա 1»-ը և Առաջին ալիքը Հայաստանում ամենաշատ դիտումներ ունեցող հեռուստաալիքների շարքում են՝ համապատասխանաբար 6.1 և 5.1 տոկոս: Այդպիսով, նրանք զիջում են միայն «Շանթին», «Արմենիա TV»-ին և Հանրային հեռուստաընկերությանը:

Այնուամենայնիվ, հանրության շրջանում, ընդհանուր առմամբ, այդ հեռուստաալիքների նկատմամբ վստահությունը նույնքան բարձր չէ: «Ո՞ր հեռուստաալիքին եք ամենաշատը վստահում» հարցին հարցման մասնակիցների միայն 2.8 տոկոսն է նշել ռուսական Առաջին ալիքը, և գրեթե նույնքանը՝ 2.7 տոկոս, Россия 1-ը: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ դրանք ավելի բարձր վստահության վարկանիշ ունեն, քան «Երկիր մեդիան», ATV-ն, «Արմնյուզը» և Հ2-ը։

Հատկանշական է, որ ռուսալեզու լսարանի մեդիագրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան հայերեն հեռուստաալիքներ նախընտրողներինը, և մի փոքր ավելի ցածր, քան անգլերեն նախընտրողներինը: Փաստացի՝ «Ռոսսիա 1» և Առաջին ալիք նախընտրողները մի փոքր ավելի մեդիագրագետ են:

Ամփոփելով՝ փաստենք, որ հանրային մուլտիպլեքսում գործող առնվազն երկու արտասահմանյան հեռուստաալիք բավականին մեծ լսարան ունեն Հայաստանի հեռուստադիտողի շրջանում: Դրան գումարելով նաև այդ հեռուստաալիքների կողմից նախկինում քարոզչական ռեպորտաժների օգտագործման փորձը՝ կարող ենք ասել, որ դրանք անհրաժեշտ պահին կարող են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա:

Վիկտորյա Անդրեասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»