հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Քոչարյանի փակած TV-ին հույսը դնում է հեղափոխված դատավորների վրա

Քոչարյանի փակած TV-ին հույսը դնում է հեղափոխված դատավորների վրա

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով 2002 թվականին փակված «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության։ «Ա1+»-ը պահանջում է առ ոչինչ ճանաչել 2003-ին կայացված որոշումները, որոնցով այն զրկվել է եթերից։ Առաջին դատական նիստը նշանակված է մարտի 13-ին։

2003-ից սկսած «Ա1+»-ը մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 7 մրցույթի, 7-ում էլ մերժում է ստացել և եթերազրկվել է։ Մերժումները, ըստ Հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի, եղել են անհիմն և կայացվել են կարգադրանքի ներքո։

«Հանրային հայտնի փաստ է, որ այս 7 մրցույթների նպատակը չէր բարելավել ռադիոհեռուստատեսության կամ հեռարձակման ոլորտը, այլ դրա նպատակն էր թույլ չտալ «Ա1»-ին վերադառնալ, որովհետև «Ա1»-ը անկախ հեռուստաընկերություն էր։ 

․․․Հանրորեն հայտնի փաստ է, որ «Ա1+»-ը եթերազրկվեց ոչ թե նրա համար, որ նրա մրցութային փաթեթը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, այլ եթերազրկվեց նրա համար, որ նա Ա1+-ն էր։ Այսինքն՝ դա պայմանավորված էր «Ա1+»-ի հեռարձակման ծրագրով, նրա հայացքներով, դիրքորոշումներով։ Հետևաբար դա խտրականություն էր», – ասում է փաստաբան Արա Ղազարյանը։

Նա ընդգծում է՝ դատարանից պահանջում են ոչ թե անվավեր, այլ հենց առ ոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված վարչական ակտերը․ «Անվավեր է ճանաչվում ակտը, որը ընդունվում է օրենքի խախտմամբ։ Օրինակ, օրենքի սխալ մեկնաբանության կամ կիրառման արդյունքում։ 

Իսկ ի՞նչ է նշանակում առ ոչինչ։ Նշանակում է, որ նույնիսկ օրենքի կիրառելիության նպատակն է եղել ոչ իրավաչափ։ Այսինքն՝ այս ակտը ընդունվել է արդարադատության առերևույթ ոտնահարմամբ և հենց ընդունման պահից համարվում է առ ոչինչ։

Նշանակում է, որ ընթացակարգերը և օրենսդրական հիմքերը իրենց նպատակին չէին ծառայում, այլ ծառայում էին թաքնված, քողարկված քաղաքական օրակարգին։ 

Նշանակում է՝ սա արդարադատության առերևույթ ոնտահարում էր», – ասում է փաստաբանը։

Ըստ նրա, այսպիսի դատական ակտերը պետք է ճանաչվեն առ ոչինչ հենց ընդունման, այլ ոչ՝ անվավեր ճանաչվելու պահից․ «Սա է մեր հայցի հիմքում ընկած գաղափարը և սրանով մենք հաղթահարում ենք նաև վաղեմության ժամկետը։ Առ ոչինչ ճանաչելու համար վաղեմության ժամկետները չեն տարածվում»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լիահույս է, որ փոփոխված պայմաններում դատարանները կկարողանան անկաշկանդ որոշում կայացնել։

«Նախորդ տասնամյակների ընթացքում դա ակնկալելը շատ բարդ էր։ «Ա1+»-ը եթերազրկվեց հենց քաղաքական դրդապատճառներով, և որևէ դատարան այն ժամանակ այսպիսի անկաշկանդ որոշում չէր կարող ընդունել», – ասում է Մելիքյանը՝ կոչ անելով «Ա1+»-ի նախաձեռնած այս պրոցեսը չքաղաքականացնել․«Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Հարցը զուտ իրավական է, զուտ, կրկնում եմ, արդարության վերականգնման խնդիր»։