2019թ. նոյեմբերի 22-ին Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել newsmedia.am կայքում 2019-ի նոյեմբերի 21-ին հրապարակված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» տեքստը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:
Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութում, հիշեցնենք, երևում է, ինչպես են ոստիկանական բաժանմունքում քաղաքացիական հագուստով ոստիկանները հակագազով և մահակներով ցուցմունք կորզում քաղաքացուց։
Երկու օրից ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):
Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007-ի փետրվարից 2010-ի մայիս ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, հայտնում է ՀՔԾ-ն:
«Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ», – նշված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում: