Home / Առողջապահություն / Մնացել է 5000 դրամ․ Վարչապետը զրուցել է Արփինեի, նրա ամուսնու, մոր և եղբոր հետ

Մնացել է 5000 դրամ․ Վարչապետը զրուցել է Արփինեի, նրա ամուսնու, մոր և եղբոր հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է զանգահարում է տարբեր քաղաքացիների՝ տեղեկանալու, թե ինչպես է ազդում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մարդկանց կյանքի որակի վրա, ինչպես են մարդիկ դիմանում սահմանափակումներին, ինչ սոցիալական դժվարությունների են բախվում արտակարգ դրության պատճառով և թե ինչ աջակցություն պետք է տրամադրի կառավարությունը։ Վարչապետը հեռախոսազանգերը հեռարձակել իր ֆեյսբուքի էջով՝ ուղիղ եթերի միջոցով։

Արփինեն պատմում է, որ իրենց տանը բնակվում են ինքը, ամուսինն ու մայրը։ Այժմ ընտանիքն ապրում է Արփինեի մոր թոշակով։ Մայրը սրտի կաթված է ստացել, ունի հաշմանդամության երկրորդ կարգ։ Նախկինում բնակվել է Արփինեի եղբոր տանը՝ Շենգավիթում, սակայն եղբոր ընտանիքում երկու փոքր երեխաներ կան, եղբայրն աշխատում է, իսկ նրա կինը  չի հասցնում համատեղել երեխաների և Արփինեի մոր խնամքը։

Ավելի ուշ զրույցին միացավ նաև Արփինեի ամուսին Արմանը, ով 43 տարեկան է։ Նա աշխատել է «Աշտարակ կաթ» գործարանում։ Երբ գործարանը լուծարվել է, ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում, պարտքեր ու վարկեր կուտակել․ «Վերջին ամիսներին [«Աշտարակ կաթ» գործարանում] աշխատավարձ չեն տվել, աչքներիս թոզ էին փչում, որ լավ կլինի։ Աշխատեցինք՝ մեր աշխատավարձերը չտվեցին, մենք էլ ուզած֊չուզած վարկեր վերցրինք, որ գոյատևենք»։

Այնուհետև Արմանը նախորդ տարվա դեկտեմբերին աշխատանքի է ընդունվել «Իմեքս գրուպում», ջեռուցման համակարգեր էր տեղադրում, աշխատանքը սեզոնային էր։ Դեռ նախորդ ամիս «Իմեքս գրուպում» աշխատակիցներին ստիպել են դիմում գրել և իրենց հաշվին արձակուրդի գնալ։ «Դեկտեմբերի 17- ից եմ այստեղ աշխատում։ Ես երկու ամսվա աշխատող եմ, բայց հին աշխատողներին էլ են իրենց հաշվին ուղարկում արձակուրդի», – պատմեց Արմանը։

Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընտանիքը «յոլա գնում», նա պատասխանեց, որ վարկ են վերցնում։ Անցած ամիս 500 հազար դրամի վարկ են ստացել, որից 380 հազար դրամով նախորդ վարկերի ամսեկան վճարներն են կատարել, մնացածը ծախսել կոմունալների և ապրուստի վրա։
«Կարող եք հետաքրքրվել, որ թվից ես վարկային պատմություն ունեմ ու մինչև օրս սոված էլ նստել եմ, բայց իմ վարկային պատմությունը լրիվ կանաչ է։ ․․․Այսօրվա դրությամբ մնացել է 5000 դրամ։ Որոշել եմ նորից բանկերով ման գալ, նորից վարկ վերցնել, մինչև հասկանամ՝ ինչ է լինում», – ասաց Արմանը։

Վարչապետը հարցրեց, թե ինչու ընտանիքը չի փորձել ընդգրկվել նպաստի համակարգում։ «Եղբորս ընտանիքն էլ նույն վիճակի մեջ է։ Երկու փոքր երեխա ունեն ու հաշմանդամություն ունեցող մայրս էլ է իրենց հետ ապրում։ Բանկում վարկեր ունենալու պատճառով չեն ընդգրկում նպաստ համակարգում։ Ասում են, եթե ի վիճակի եք այդքան վարկ վճարել, նպաստ չենք տա։ 5,8 մլն դրամի վարկ ունենք, եղբորս ընտանիքինը ավելի քիչ է՝ 1,5 մլն դրամ։ Եղբայրս տաքսու վարորդ է, կինը երեխաներին է պահում, չի աշխատում», – պատասխանեց Արփինեն։

Հեռախոսազանգին միացավ նաև Արփինեի եղբայրը․ «Նախկինում թիթեղագործ եմ եղել, այժմ առողջական խնդիրների պատճառով կտուր բարձրանալ չեմ կարող։ Ստիպված տաքսի եմ վարում՝ ոչ իմ մեքենայով։ Նույնիսկ առաքման աշխատանքի դիմելիս տարիքային խնդրի առջև եմ կանգնում։ Աշխատանքի են ընդունում մինչև 35-40 տարեկան մարդկանց, իսկ ես 46 տարեկան եմ։ Պետք է գնամ թոշակի, ուրիշ ճար չկա»։