Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը։ Այս մասին Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգի քննարկմանը կառավարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
– Մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնա աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ այ տե՛ս, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից։ Տես՛ հա, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե մենք իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, մենք քեզ նպաստից կզրկենք։
Հիմա գաղափարական տրանսֆորմացիան, որը մենք առաջադրում ենք, հետևյալն ա՝ մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում։ Ու էստեղ իրականում ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական։
Կարող ա հարց ծագել՝ ինչո՞ւ պետք ա համակարգը ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ։ Դրա համար շատ կարճ, շատ կոնկրետ պատճառ կա՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շահագրգռված լինի վերցնել 5-10 հազար դրամ և գնալ ու քվեարկել համապատասխան այդ 5 հազար կամ 10 հազար դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին։
Հիմա մենք ինչու՞ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը։ Շատ պարզ պատճառով․ Հայաստանում իշխանությունը պետք ա ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Եվ մենք հայտարարել ենք նաև մի քանի անգամ, որ աղքատությունը և սրանից բխող հարակից էֆեկտները համարում ենք Հայաստանում ժողովրդավարության, ոչ միայն ընդհանրապես տնտեսական զարգացման, այլև ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը։
Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրենք նպատակը, թե մենք ինչ ենք ուզում․ մենք ուզում ենք, որ կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնենք, որպեսզի ինքը դառնա արժանապատիվ, աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունը ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի։