Home / Ապատեղեկատվություն / «Գյոզալ կոռուպցիոն համակարգը» քանդվել է․ Փաշինյանը մոդելավորում է հիասթափությունը

«Գյոզալ կոռուպցիոն համակարգը» քանդվել է․ Փաշինյանը մոդելավորում է հիասթափությունը

Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթեր էր դուրս եկել՝ խոսելու  «թավիշի» և «իշխանության թավշյա գործելակերպի» մասին։ Կեսժամանոց ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը անդրադարձել էր պետական կառավարման համակարգում հին կանդրերի պաշտոնավարման հետհեղափոխական շարունակականությանը, «սիրո և համերաշխության» հեղափոխության խոստումներին, վենդետաները և կադրային ջարդերը բացառելուն, նախկիններին «փորձաշրջանի» հնարավորություն ընձեռելուն և «թավիշի» արդեն տեսանելի հետևանքներին։ Հեղափոխությունը, ըստ վարչապետի, մարդկանց համար ստեղծել էր փոխվելու հնարավորություն, և այդ հնարավորությունը բաց պետք է լիներ բոլորի համար․ եղել են ու կան մարդիկ, ովքեր այդ հնարավորությունից օգտվել են, և մարդիկ, ովքեր այն չարաշահել են։ Վերջիններս, վարչապետի խոսքերով, «իհարկե, պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»։

Բայց ամենամեծ խնդիրը, Փաշինյանի կարծիքով, այն մտածողությունն է, որ 25-30 տարիների ընթացքում արմատացել է հասարակական տարբեր շերտերի մեջ և հանգեցրել իրականությունը առքուվաճառքի և արտոնություններ կիսելու միջոցով պատկերացնելուն և վերարտադրելուն։ Նրա կարծիքով, «մաֆիոզ մտածողությունը» խորապես արմատացած է Հայաստանում և դրսևորվում է Հայաստանը, Հայաստանի ինչ որ մի կտոր, ազդեցության ինչ որ ոլորտ, եկամտի մի հատված «կիսելու» մղման, արտոնությունների համար չընդհատվող մրցավազքի մեջ։ Եվ քանի որ կիսելու գործընթացը, որի առաջարկն անընդհատ «օդում է», ըստ նրա, տեղի չի ունենում, առաջանում է մեծ դժգոհություն․ քանի դեռ ոչ ոք «փայ չի ստանում», դժգոհությունը «ալիքաձև և ամենուր տարածվում է»։

«Խորքային իմաստով, Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն», որովհետև փայերի, որոնց ակնկալիքները ունեին շատ-շատերը, բաժանումը տեղի չի ունենում, և սա մեր ընթացիկ քաղաքական պրոցեսի ամենակարևոր առանձնահատկությունն է», – հայտարարել էր Փաշինյանը։ Այդ «մեծ հիասթափությունը», նրա կարծիքով, արտադրում են մարդիկ, ովքեր սպասում էին, որ կպահպանեն իրենց «փայը», սպասում էին, որ կմեծացնեն իրենց փայը, կամ սպասում էին, որ ի վերջո փայ կստանան։

Իշխանությունը, որը կառուցված է եղել օլիգարխների, նրանց հանցավոր բանդաների, նրանց քուչայական հեղինակությունների, նրանց սպասարկուների վրա, որտեղ ամեն մեկն իր մատուցած ծառայությունների դիմաց արտոնություններ է ստացել և փայ կիսել, այսօր իբրև համակարգ քանվել է։ Մարդիկ, որոնք կորցրել են իրենց արտոնությունները, այժմ զայրացած են և հիասթափված։ 

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերում կրկին խոսում էր հետհեղափոխական այդ «մեծ հիասթափության» մասին։ Նա վստահ է, որ այն գեներացնում են հասարակական այն խմբերը, որոնք իրական և «լեգիտիմ» պատճառներ ունեն հիասթափվելու․ նախկին իշխանության ներկայացուցիչները, նախկին իշխանության ենթակառուցվածնքերում ներգրավվածները, այդ թվում՝ վերլուծաբանները, տարատեսակ փորձագետները, լրագրողները, մերձիշխանական կրիմինալը, օլիգարխները, նաև՝ հոգևորականները, սփյուռքի կազմակերպությունները, պաշտոնի համար «քայլածները» և իր իսկ բարեկամներն ու ընկերները․․․

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/659981741503531/

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է «մոդելավորել» իր պատկերացրած հետհեղափոխական «մեծ հիասթափությունը»։ Նրա ուղիղ եթերի սղագրությունը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև․

— Երեկ ես կարճ ներկայացրեցի այն մոդելը, որը բխում է, պայմանականորեն ասենք, մաֆիոզ մտածողության դրսևորումներից և ասացի, որ հիմա Հայաստանում տեղի է ունենում չակերտավոր ասած՝ մեծ հիասթափություն։ Բայց ես նաև ուզում եմ, որ մենք մոդելավորենք այդ «մեծ հիասթափությունը» և դուրս բերենք մեր հանրության այն շերտերին, խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, ովքեր հետհեղափոխական այս շրջանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն, և փորձենք հասկանալ, ինչքանով է լեգիտիմ այդ հիասթափությունը և ինչքանով պետք է մեզ հուզի այն, որովհետև այստեղ կան հատվածներ, որ պետք է մեզ հուզեն, և կան հատվածներ, որ ընդհանրապես, իմ կարծիքով, չպետք է հուզեն։

Սկսեմ ակնհայտ դեպքերից դեպի պակաս ակնհայտ դեպքեր։ Ովքե՞ր Հայաստանի Հանրապետությունում հետհեղափոխական 2 տարվա ընթացքում հիասթափվելու պատճառ ունեն։  

Առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են։ Եթե մենք հետ գնանք և ընդհանուր նրանց դիրքորոշումն ու ասելիքը ձևակերպենք, հետևայլն է․ սկսած 2018 թվականի մայիս ամսվանից նրանց ասածի ենթատեքստն այն է, որ հեղափոխական այս «խնջույքը» շուտով կավարտվի և ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը․․․ Բայց, ինչպես տեսնում եք, երկու տարին լրացել է, և հորիզոնում չի երևում որևէ բան, որ կարող է արդարացնել նրանց հույսերը։

Հաջորդ խումբը, որը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի, դա նախկին իշխանության ենթակառուցվածքի մեջ  ներգրավված մարդիկ են։ Նախկին իշխանության պլանները սպասարկող բազմաթիվ մարդիկ կային, այդ մարդիկ այսօր էլ կան, որոնք առաջին հայացքից չեն երևում, հանդես են գալիս որպես «օբյեկտիվ» գնահատականներ տվող։ Ասենք՝ կա, այսպես ասած, փորձագետների խումբ․ ժամանակ առ ժամանակ նրանք, որպես անկախ փորձագետ, հարցազրույց են տալիս, գնահատականներ են տալիս, բայց իրականում նրանք իշխանության հետ աշխատող մարդիկ են։ Կար իշխանության փիառով և ռազմավարական ծրագրերով զբաղվող խումբ, որոնց մասին հանրությունը գիտի, օրինակ, որպես ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր կամ հասարակական ակտիվիստ։

Ասենք՝  Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է վերարտադրվեր, հետո արդեն պիտի պատրաստվեր, ենթադրում եմ, նրա ժառանգորդի խնդիրը, ընտանիքի անդամներից որևէ մեկի [նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին – խմբ․] տակ իշխանության ժառանգման համակարգ ստեղծելու խնդիրը․․․ եվ այս տրամաբանությունը սպասարկելու համար հնգամյա, նույնիսկ տասնամյա ծրագիր է եղել մշակված, և այս ենթակառուցվածքի մեջ ներգրավվել են գիտելիքներ ունեցող, կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք առաջիկա հինգ-տասը տարվա պլաններ են ունեցել և իշխանությունը ժառանգելու պլաններ են ունեցել, և հեղափոխության արդյունքում այդ ամեն ինչը փլուզվել է։

Մյուս խմբին, որին ետհեղափոխական 2 տարիները միանշանակ բերել են հիասթափություն, երեկ անդրադարձա։ Դա կրիմինալն է ոչ թե ընդհանրապես, այլ մերձքաղաքական կրիմինալը․ այն մարդիկ, ովքեր իշխանությանը ամենատարբեր առիթներով՝ ընտրություններ, քննադատներին ճնշել, զսպել, քաղաքական պտուտակները զսպել, ծառայություններ են մատուցել և դրա դիմաց ստացել են որոշակի արտոնություններ։ Հիմա 2 տարի իշխանությունը ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլև կրիմինալ երևույթների դեմ պայքարում է՝ նեղացնելով դաշտը, որտեղ դրանք կարող են դրսևորում ունենալ։ ․․․Նրանք, բնականաբար, այսօր նույնպես հիասթափվելու պատճառ ունեն, որովհետև մի մասը ուղղակի լքել է Հայաստանը, մի մասը հետախուզման մեջ է, մի մասը թաքնված է և մի մասը զգում է, որ էսա՝ ուր որ է կգտնեն իրենց։

Հաջորդ խումբը, որը հիասթափություն գեներացնելու իրական պատճառ ունի, դա կոռուպցիոներներն են, ովքեր մտածում էին, որ էսա՝ մեկ-երկու ամիս, լավ՝ մի տարի, լավ՝ տարիուկես կանցնի և պետական կառավարման համակարգը, որը գոյություն է ունեցել երկար տարիներ, նորից կվերականգնվի, տենց՝ հազար դրամով, երկու հազար դրամով կոռուպցիոն հոսքերը կվերականգնվեն։ Բայց չի վերականգնվում։

Սա չի նշանակում, որ կաշառք վերցնողներ չկան։ Բայց պրոբլեմն այն է, որ այդ կաշառք վերցնողներին բռնում են։ Եվ սա կոռուպցիոն համակարգի համար այդքան էլ ընդունելի չէ։ ․․․Հիմա մարդիկ կաշառք են վերցնում իրենց անձնական պատասխանատվությամբ, որովհետև կոռուպցիոն համակարգը այդ գյոզալ գոյություն չունի այլևս։ Եվ, բնականաբար, նրանց ընտանիքի և նրանց միջավայրի բարեկեցությունը տուժել է, և նրանք հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունեն։

Հաջորդ խոշոր խումբը, որը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի, քաղաքական ուժերն են։ Այն քաղաքական ուժերը, որոնք նախկին իշխանության հետ գծել էին ապագա տասը տարվա իրենց համատեղ անելիքները․․․ոմանք՝ կառուցողական ընդդիմության դերում, ոմանք՝ ոչ այնքան կառուցողական ընդդիմության դերում։ Հիմա այս քաղաքական սեգմենտի համար նույնպես առաջիկա տասը տարվա պլանները փլուզվել են հեղափոխության արդյունքում։ 

Բայց կա ընդդիմադիր քաղաքական ուժերի ինձ համար հարգելի մի հատված էլ, որը նույնպես հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի․ այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության  արդյունքում պարզվել է, որ իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացել։ ․․․Մենք այդ քաղաքական ուժերի հետ, ես ինքս՝ մի իքս պահից իմ անհամաձայնությունը ֆիքսել եմ, և մենք գնացել ենք տարբեր ճանապարհներով։ Տեղի է ունեցել հեղափոխությունը, մինչդեռ այդ ուժերը երկար տարիներ պնդում էին, որ այն, ինչ մենք ենք ասում, անհեթեթություն է, անիմաստ է, պրոյեկտ է և այլն։ Բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել,․․․ և այդ ուժերը, ըստ էության, զրկվել են քաղաքական ասելիքից։ Եվ նրանք նույնպես լեգիտիմ պատճառ ունեն հիասթափության։ 

Հաջորդ խումբը, որ հիասթափվելու լեգիտիմ պատճառ ունի, դա արևմտամետներն են, ովքեր հավատացել են կամ հույս են ունեցել, կամ վստահություն են տածել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, թե Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետ ուժերը։ ․․․Ժամանակի ընթացքում նրանք հասկացել են, որ իրականում արևմտամետ ուժ Հայաստանի Հանրապետությունում իշխանության չի եկել։ ․․․Արևմտամետները, այո, հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն։

Հաջորդ խումբը, ովքեր էլի հիասթափվել են, ռուսամետներն են։ Նրանք երկու վարկած ունեին․ կա՛մ մտածում էին, որ Ռուսաստանը իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում (ինչու էին այդպես մտածում՝ չգիտեմ), կա՛մ երկրորդ տարբերակը, որ Հայաստանի իշխանությունը այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտ բացել և զիջել, և կիսել իշխանությունը ռուսամետների հետ։ Բայց նրանք հիմա հիասթափված են, որովհետև հասկանում են, որ իրենց ընկալած սցենարներից ոչ մեկը չի գործում և ոնց որ թե չի էլ գործելու։

Հաջորդ խումբը, որ հիասթափվելու պատճառ ունի, դա օլիգարխիան է կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ կոնկրետ արտոնություններից։  Օրինակ, այն մարդիկ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուններով՝ սրանից բխող հետևանքներով, հիմա չեն երթևեկում ավտոշարասյուններով։ Սա պրիմիտիվ բան է գուցե, քաղաքական լուրջ բովանդակություն չունի, բայց սիմվոլիկ նշանակություն ունի։ Նրանք էլ սկզբից մտածում էին՝ հեղափոխության աղմուկ-աղաղակ է, էսա իշխանությունը կսկսի դիմել իրենց տարբեր հարցերով։ Բայց իշխանությունը չի դիմում այսօր, իշխանությունը մեր մեծահարուստ հայրենակիցներին ոչ մի հարցով չի դիմում։ Միայն մի հարցով է դիմում․ ասում է՝ գործունեությունը ծավալեք օրինական, վճարեք օրինական հարկեր։ Եվ երբ չի դիմում, կոմպրոմիսների և առևտուրների անհրաժեշտություն չունի։ Արտոնությունները չեն գործում։ Նախկին օլիգարխիան հիասթափվելու պատճառ ունի։ 

Հաջորդ խումբը՝ լրատվամիջոցները, ովքեր, ըստ էության, զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Լրատվական դաշտի մի մեծ մասը (և այդտեղ ոչ մի գաղտնիք չկա) վերահսկվել է իշխանության կողմից և փող է ստացել իշխանությունից, իսկ հիմա չի վերահսկվում, փող էլ չի ստանում։ Ասում են՝ բա «Հայկական ժամանակ թերթը»։ Կարծում եմ, լավ առիթ է, որպեսզի «Հայկական ժամանակ» թերթը հանդես գա հաշվետվությամբ և իր հիմնադրման կամ վերահիմնադրման օրից հանրությանը հաշվետվություն տա․․․ Լրատվամիջոցների մի զգալի մասը նույնպես հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի, որովհետև այնտեղ էլ են եղել առնվազն միջնաժամկետ պլաններ և երկարաժամկետ գործած համակարգեր, որոնք փլուզվել են։ Եվ ակնհայտորեն լրատվամիջոցների մի շատ զգալի մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ բոլորը հասկանում են, որ այդ իրավիճակը երկար չի տևելու, որովհետև շուտով այդ նախկին իշխանության ներկայացուցիչները ուղղակի փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն։ 

Հաջորդ խավը, որը հիասթափվելու շատ պատճառներ ունի, պայմանականորեն ասած՝ հոգևորականներն են։ Որովհետև Հայաստանում ինչքան ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ 

․․․Սա հոգևորականության մոտ առաջացնում է լրջագույն հիասթափություն կամ լրջագույն դիսկոմֆորտներ, որովհետև մենք շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան բուն, էության մեջ՝ Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն։  

Հիասթափության հաջորդ աղբյուրը կարող են լինել և են սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ։ Որովհետր բավականին երկար ժամանակ սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության և սփյուռքի միջև խոսակցության։  Այսօր դա տրանսֆորմացվում է, փոխվում է, որովհետև այսօր կառավարությունը այդ բաժանումը չունի։ ․․․Ընդհանուր առմամբ՝ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որ մենք ինչքան շուտ արձանագրենք, այնքան ճշգրիտ կլինենք սփյուռքի մեր քաղաքականության մեջ։ Օրինակ, 30 կամ 40 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ, ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ․․․Այս տրամաբանությունը, ինչ որ տեղ դժբախտաբար, փոխվել է։ Հեղափոխությունից ի վեր մենք սփյուռքի հետ խոսում ենք ուղիղ․․․ Սա իր հերթին բերում է նաև պրոբլեմներ, և ես չեմ ժխտում այդ պրոբլեմները։ 

Հաջորդ հիասթափության աղբյուրը, պայմանականորեն ձևակերպենք, նյութական ակնկալիքներով հեղափոխությանը միացած մարդիկ են։ Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո հին ազդեցության գոտիների վերաձևակերպում տեղի կունենա, և իրենք կստանան կոնկրետ բաժիններ։ Նույնիսկ կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որոնք տնով-տեղով ներգրավվել են քայլարշավի մեջ, հետո տեղի է ունեցել հեղափոխություն, նրանք տարբեր առաջարկներ են արել, ուզեցել են աշխատել իքս պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլը» համամասնական ցուցակի մեջ, օբյեկտիվ ինչ-ինչ պատճառներով մերժումներ են ստացել և դրանից մի շաբաթ անց արդեն հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո «արդարության» պայքարում։ Հիասթափության այդ բանաձևը կա, չէ՞․ «Բա մենք քայլել ենք», բա այդ քայլածը նյութականի չենք կարողանո՞ւմ փոխակերպենք։ Բա դրա փոխարժեքը ի՞նչ էր ի վերջո։  

Հաջորդ խումբը [մեր] ընկերներն ու բարեկամներն են, որոնց կայնքը․․․ընկերոջ իշխանության գալուց հետո չի փոխվել։

Մոտավորապես սա էր իմ քարտեզը «մեծ հիասթափության»։ ․․․Այստեղ կա մեկ-երկու կետ, որ մեզ իրոք պետք է հուզի և մենք դրանոց պետք է զբաղվենք, մասնավորապես՝ Հայաստանում խոսքի ազատության հիմնահարցի լուծումը, սփյուռքի հետ կապված խնդիրների լուծումը, եկեղեցի-պետություն հարաբերությունների հետ կապված խնդիրները։ Իսկ այն մնացածների հիասթափությունը կամ պայմանական հիասթափությունը ինձ, անկեղծ ասած, առանձնապես ոչ հուզում է, ոչ էլ՝ հետաքրքրում։