ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը, որը ձևակերպում է դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջները, սահմանում ուսուցչի և դպրոցի կողմից կազմակերպվող աշխատանքների սկզբունքներն ու հանրակրթության բովանդակությունը։
Չափորոշչի դրույթներն ութն են․ դրանք ամբողջապես վերափոխում են կրթական պրոցեսի տրամաբանությունը՝ առակայացանկից և դասաժամերից սկսած՝ դասավանդման մեթոդներով, գնահատման համակարգով ավարտված։
Արմատական փոփոխություններ առաջարկող այս փաստաթղթի քննարկումները, սակայն, անցած օրերի ընթացքում կենտրոնացել են բացառապես «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի վրա․ թեև կառավարության անդամները մի քանի անգամ հայտարարել են, որ նյութը ուսումնական ծրագրից չի հեռացվի, այլ կզետեղվի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ծրագրերում, մամուլը հեղեղված է ահազանգերով, թե նախարարությունը մտադիր է զրկել երեխաներին եկեղեցու պատմություն սովորելու հնարավորությունից։ Մտահոգություններ են հնչում նաև «Հայոց լեզու» առարկայի դասաժամերի կրճատման կապակցությամբ։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ որևէ առանձին առակայի խնդիր չի դրվել, նոր չափորոշիչը, հակառակը, փորձում է վեր կանգնել «առարկայական» մոտեցումներից և կենտրոնանալ վերառարկայական մոտեցումների վրա, սերտացնել կապերը տարբեր առարկաների միջև։
«Կարևոր է հասկանալ, որ հանրակրթության բովանդակային այս փոփոխությունը խնդիր է դնում փոխել մեր ուշադրության կենտրոնը․ մենք պետք է պաշտպանենք ոչ թե առարկաների շահերը, այլ՝ առաջին հերթին սովորողի շահերը։
Հասկանանք՝ տարբեր առարկաները, որոնք ինքնանպատակ չեն, այլ պետք է միտված լինեն սովորողի մոտ որոշակի արժեքային և գիտելիքային հմտությունների համակարգ ձևավորելուն, ինչպե՞ս են մասնակցում այդ գործընթացին։ Եվ դրա շրջանակում պետք է քննարկվի մանկավարժական մոտեցումը և պետք է հասկանալ՝ քանի առարկայի կարիք ունենք, որ դասարաններում, ինչ ծավալով, ինչպես պետք է դրանք փոխլրացնեն միմյանց», ― «Հոդված 3» ակումբում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում ասել է Անդրեասյանը։
Այս հարցերն, ըստ փոխնախարարի, մեզ բերում են մյուս կարևոր խնդրին՝ «բեռնաթափման» անհրաժեշտությունը, որն այս չափորոշիչը ևս փորձում է լուծել։
«Հենց այն պատճառով, որ մենք մինչ այս դպրոցում առավելապես պաշտպանում ենք առարկաների շահերը, մենք ունենք մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկայի դիրքից փորձում ենք հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա ներմուծել այդ առարկա, ինչի հետևանքով արհեստականորեն մեծացվում է ժամաքանակը և նեղացվում են հնարավորությունները՝ այդ ժամաքանակում այդ ծավալի ինֆորմացիան ընկալելու։ Մենք ունենում ենք իրավիճակ, երբ երեխաները շատ հաճախ ստիպված են ուղղակի անգիր անել, որոնք վստահաբար մի քանի օր հետո նրանց մոտ որևէ մնացորդային գիտելիք և յուրացման որևէ աստիճան չեն ունենում։
Եվ երբ մենք դնում ենք բեռնաթափման, դա նշանակում է, որ մենք ընդհանուր առմամբ կրճատում ենք հանրակրթության այս 12 տարիների ընդհանուր ժամաքանակը։ Չափորոշչի այս նախագիծը հենց այսպիսի մոտեցում է ենթադրում», ֊ նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ շափորոշչով նվազագույն ժամաքանակները բոլոր կրթական աստիճաններում 12 տարիների կտրվածքով պակասեցվել են առնվազն 200-ով և ավել։
Ժամաքանակի կրճատումը, ըստ Անդրեասյանի, տեղի է ունենում ի հաշիվ այն կրկնությունների բացառման, որ այս պահին ունենք տարբեր առարկաների շրջանակներում կամ նույնիսկ նույն առարկայի շրջանակներում՝ տարբեր դասարաններում, և ավելի համադրված և ինտեգրված մոտեցում ներդնելու միջոցով։
Չափորոշիչը էականորեն ընդլայնում է ուսուցիչների և դպրոցների ինքնավարության շրջանակները։ Այն նկարագրում է առարկայացանկերի ձևավորման սկզբունքերը, տալիս է ուսումնական բնագավառների սահմանումները՝ մանկավարժներին հնարավորություն ընձեռելով ինքնուրույն ձևավորել իրենց ուսումնական պլանները՝ այն մոտեցումների միջոցով, որոնք իրենք կհամարեն ավելի արդյունավետ։
«Այստեղ պետության վերահսկողությունը լինելու է վերջնաարդյունքների միջոցով։ Պետության համար կարևոր է, որ շրջանավարտը ամեն կրթական աստիճանի ավարտին ունենա կոնկրետ վերջնաարդյունքեր։ Ինչպե՞ս է դպրոցը հասնում դրան՝ ամեն դպրոցի և մանկավարժի ստեղծագործ մոտեցման արդյունք պետք է լինի»։
Այս մոտեցման իրագործումն, ըստ փոխնախարարի, նախնական մեծ աշխատանք է պահանջում։ Հենց այդ պատճառով չափորոշչի ներդրումը նախատեսված է 2022-2023 թվականներից։ Մինչ այդ նախարարությունը մտադիր է լայնածավալ վերապատրաստումներ իրականացնել, առաջիկա ուսումնական տարվա ընթացքում՝ փորձարկել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք մշակվել են այս չափորոշչի հիման վրա և առաջիկա երկուշաբթի օրը կդրվեն հանրային քննարկման, նաև՝ ձևավորելով անհրաժեշտ հմտություններ ուսուցիչների, անհրաժեշտ ենթակառուցվածները և հնարավորությունները՝ դպրոցների շրջանում, մենք կկարողանանք 2022-2023 թվականից խոսել չափորոշչի ներդրման մասին։
Չափորոշիչը մի շարք փոփոխություններ է առաջարկում նաև գնահատման համակարգի մասով, որոնց սկզբունքում, ըստ Անդրեասյանի, ընկած է նույն մոտեցումը․ գտնել մոտիվացիոն այն համակարգերը, խրախուսման այն եղանակները, որ կարող են նպաստել այս իրավիճակում աշակերտների հետ հաղորդակցության նոր ձևեր գտնելուն։
«Որովհետև այն մոտեցումները, որ մենք ունենք, գուցե մենք դրանց սովորել ենք՝ թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, բայց դա ամենևին ի նշանակում, որ դրանք արդյունավետ են։ Ավելին՝ մենք ամեն օր տեսնում ենք գնահատման համակարգի հետ կապված խնդիրները, և տեսնում ենք, որ սովորողների մոտիվացիայի և կարողությունների զարգացման տեսանկյունից կարիք ունենք ձևավորող գնահատման շեշտադրման։
Այս նպատակով միավորային գնահատում (գնահատականներ) նախատեսվում է կիրառել 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից միայն, այստեղ մենք նախատեսում ենք նաև անբավարար գնահատման համակարգը ընդհանուր առմամբ դպրոցներից դուրս մղել՝ փոխարենը ներդնելով մեխանիզմներ, որոնք թույլ են տալու ամբողջ տարվա ընթացքում աշխատել սովորողների հետ և փորձել ապահովել բավարար արդյունքներ, յուրացման մակարդակ՝ ամենևին չսպասելով տարեվերջին անբավարար գնահատական արձանագրելու այսօր ձևավորված մոտեցմանը, որը հաճախ վերածվում է ֆորմալ շեմային բավարար գնահատականի, որպեսզի նույն դասարանում մնալու խնդիր չառաջանա»։
Միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից սկսած աշկերտները կանցնեն մոդուլային և կրեդիտային ուսուցմանը․ «Սա հնարավորություններ կտա ուսումնական պլանի նոր՝ անհատական բաղադրիչների միջոցով հրաժարվել հոսքային ուսուցումից և անցում կատարել անհատականացված դասացուցակների կազմմանը՝ ավելի լայն հնարավորություններ ընձեռելով աշակերտներին՝ ըստ հետաքրքրությունների և հետագա պլանների, սեփական ուսումնական պլանն ու դասացուցակը ձևավորելու համար»։