Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին հիմնային փոփոխություններ ենթադրող նախագիծը։ Չնայած նրան, որ դրանից հետո շատ էին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ծրագրից հանելու մասին խոսակցությունները, նյութը գրեթե ամբողջությամբ պահպանվել է, իսկ մոտ ժամանակներում պարզ կդառնա, թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի համար ինչպիսի չափորոշիչներ կգործեն։
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն արդեն հայտնել է, որ փոխվել են առարկայացանկի ձևավորման մոտեցումները։ «Հայոց եկեղեցու պատմության» ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով․ 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների:
Պատասխանելով՝ «եկեղեցու պատմությունը հանում են դպրոցից» եզրահանգումներին, նա «մանիպուլյացիոն դիտարկումն անողներին» առաջարկել է կարդալ չափորոշչի նախագծի հետևյալ հատվածը՝ հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում․
«Բազմիցս ասել ենք՝ եկեղեցու մասին գիտելիքը, ինչպես նաև արժեհամակարգային բաղադրիչների դպրոցից հանելու որևէ խնդիր դրված չի, խոսքը դրա մատուցման մանկավարժական ամբողջական և ինտեգրված մոտեցման մասին է»։ Նա նաև առաջարկում է մասնակցել առարկայական չափորոշիչների վերաբերյալ հանրային քննարկմանը, որոնք հայտնի կլինեն մոտակա օրերին։
Տվյալ նյութի պատճառ հանդիսացան սոցցանցերում այս օրերին տեղ գտած գրառումները՝ առարկան ծրագրից դուրս հանելու վերաբերյալ։ Նույնիսկ որոշ լրատվականների վերնագրերն էին դրա մասին խոսում, իսկ արդեն բուն նյութում հակառակ պնդումն էր արվում։
Սպասվող քննարկումներին ընդառաջ ցանկություն առաջացավ մեկ այլ հարց բարձրացնել, որի մասին, թվում է, դեռ ոչ֊ոք չի խոսել։ Տարիներ շարունակ առարկան տարբեր զեկույցներում էր հիշատակվում, իսկ հայաստանցի իրավապաշտպաններն ու որոշ լրատվամիջոցներ հարց էին բարձրացնում՝ որքանո՞վ են «Հայոց եկեղեցու պատմություն»-ը մշակողները հաշվի նստում հասարակության տարբեր շերտերի կարծիքների հետ։
Օրինակ, 2018 թվականին լույս տեսած Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (International Republican Institute) հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 94 տոկոսը բնորոշում է իրեն որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, 2 տոկոսը՝ որպես կաթոլիկ, 3-ը՝ այլ, և մոտ 1 տոկոսն իրեն որևէ կրոնի հետևորդ չի համարում։ Հրեական համայնքի անդամների խոսքով, երկրում ապրում են 800-ից-1000 հրեա։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, Հայաստանում 35 000 եզդի է բնակվում, իսկ ավելի թարմ հաշվարկների համաձայն, մոտ 50 000։ Մահեմդականների մեծամասնությունը Շիա են։ Բացի դա,
- Սահամանադրությանբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության, դավանանքի իրավունք։
- Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) որպես ազգային կրոն և ազգային ինքնության պահպանող, բայց նաև բաժանում է դնում «կրոնական կազմակերպությունների» ու պետության միջև։
- Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին, որոնց կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, փոխարինել այն այլընտրանքային ծառայությամբ՝ հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում և այլն։
«Հանրային կամ մասնավոր դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն (ՀԵՊ) առարկան դասացուցակում ավելացնելը ընտրովի է, սակայն եթե դպրոցն այն ընտրում է, առարկան դառնում է պարտադիր 5-ից 11-րդ դասարանի բոլոր աշակերտների համար։ Աշակերտները կամ ծնողները առարկայից հրաժարվելու դրույթ չունեն։ ՀԱԵ-ն իրավունք ունի մասնակցելու Հայոց եկեղեցու պատմության դասագրքերի կազմման գործընթացին։ Եկեղեցին կարող է ուսուցչի թեկնածու առաջադրել, ՀԵՊ-ի դասատուները համարվում են հանրային ծառայողներ», – ասված է ՄԱԿ-ի՝ 2018 թվականին պատրաստած Այլընտրանքային Զեկույցում (Alternative Report)․
Հեղինակները փաստել են նաև, որ փոքրամասնություն կազմող երեխաները հաճախ զրկվել են իրենց կրոնը դավանելու ազատությունից և բախվել են իրենց էթնիկ և կրոնական ինքնությունը պահպանելու և արտահայտելու դժվարությունների։ Եզդի երեխաները, որոնք հաճախում են խառը ուսանողական կազմ ունեցող դպրոցներ, չնայած ծնողների առարկությանը, ստիպված են անցնելու ՀԵՊ-ը։ Զեկույցի համաձայն, բացի այն, որ կրոնական փոքրամասնություն հանդիսացող երեխաները ստիպված են սովորել և քննարկել իրենց կրոնից բացի այլ կրոնական հավատք, դասաժամը հաճախ պարունակում է կրոնական արարողություններ, օրինակ՝ խմբակային աղոթք, Աստածաշնչի ընթերցանություն, էքսկուրսիաներ դեպի հոգևոր վայրեր և կրոնական ծեսերին մասնակցություն։
«ՀԿ-ները, այլ կրոնական կազմակերպությունները, աթեիստները, ՀԱԵ-ուն չանդամակցող անձինք շարունակում են հանրայնորեն մտավախություններ բարձրաձայնել այն մասին, որ ՀԵՊ դասերը պարունակում են գաղափարական մշակում (обработка), ինչպես նաև ՀԱԵ պատկանելիությունը հավասարեցվում է ազգային ինքնությանը։ Եղել են հաղորդագրություններ այն մասին, որ ՀԵՊ-ը որոշ դպրոցներում դասավանդում են հոգևորականներ և պահանջում են այցելել հայ առաքելական եկեղեցիներ՝ որպես դասապրոցեսի մաս։
Վարչապետ Նիկոլ Փաշինանը խոսեց կրոնի ազատության կարևորության մասին և գործող խումբ հիմնեց՝ վերանայելու ՀԱԵ-կառավարություն հարաբերությունները, Հայ Եկեղեցու պատմություն առարկան հանրային դպրոցներում դասավանդելը և այլ հարցեր։ Համաձայն մեդիա հազորդագրությունների, կառավարության այս և ՀԵՊ-ը Կրոնների պատմություն ավելի լայն առարկայով փոխարինելու ծրագրերը բուռն քննարկումների առիթ են դարձել։ Ավանդապաշտ խմբերը սա որակել էին որպես ոտնձգություն հայկական ինքնորոշման դեմ և պնդել, որ առարկան անհրաժեշտ է «աղանդների» տարածման դեմ պայքարում։
Քրեական օրենսգիքը արգելում է կրոնական ատելության հիմքով բռնության կոչերի տարածումը հրապարակային հայտարարություններով, ԶԼՄ-ներով, կամ հանրային դիրքից, և պատիժ է սահմանում՝ տուգանքից մինչև 3-ից 6 տարվա ազատազրկում։
Մարտի 12-ին Epress.am անկախ օնլյան լրատվամիջոցը, որը կենտրոնացած է մարդու իրավունքների պաշտպանության վրա, հոդված էր հրապարակել՝ «Բանակը դարձի է բերում աթեիստներին» վերնագրով։
Հոդվածում վերատպված էր մի հարցաթերթիկ, որն ի սկզբանե հրապարակվել էր ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից և որն, ինչպես հաղորդվում է, տարածվել է զինկոմիսարիատներում ապագա զորակոչիկների կողմից լրացվելու համար։
Հարցերից մեկը հետևյալն էր․ «Կրոնական պատկանելիություն. պատկանո՞ւմ եք արդյոք կամ կապվա՞ծ եք որևէ կրոնական աղանդի, հավատքի, խմբակցության կամ կազմակերպության հետ։ Նշեք, ո՞ր թվականից և ընտանիքի անդամներից ո՞վ է պատկանում այս կամ այլ հավատքին։ Եթե ոչ, նշեք՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»։
Կառավարությունը նորությանը ուղիղ չանրադարձավ, բայց հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը քննարկումներ չէր կազմակերպել կամ չէր հայցել տեղեկատվություն՝ զինակոչիկների կրոնական պատկանելիության մասին», ֊ մասնավորապես, ասված էր զեկույցում։