Հայաստանում օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11 դասարաններում։ Պետական 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական դաստիարակություն» առարկան՝ որպես Կրթության նախարարության պիլոտային ծրագիր: Այս մասին ասված է օգոստոսի 10-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին 2015» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է նաև առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն նրանք հանդիսանում են պետական աշխատողներ: Բոլոր աշակերտները պարտավոր են մասնակցել այս դասերին. առարկայից հրաժարվելու հնարավորություն սահմանված չէ:
Օրենքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն իրավունք է շնորհում կազմակերպել կրոնի կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամներին կրոնական ուսուցում տրամադրել իրենց պատկանող հաստատություններում:
Համաձայն ԱՄՆ Պետդեպի, 2015 թվականի ընթացքում փոքրամասնական կրոնական խմբերը խոչընդոտների են հանդիպել պաշտամունքային վայրերի կառուցման թույլտվություններ ստանալիս, նրանց հանդեպ խտրականություն է դրսևորվել կրթական, զինվորական, իրավապահ ոլորտներում, հանրային հատվածում զբաղվածության հարցում։ Միևնույն ժամանակ կառավարության կողմից արտոնություններ են տրվել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն և նրանց հետ կապված եղել են բացասական մեկնաբանություններ պետական պաշտոնյաների կողմից:
«Ազգային փոքրամասնությունների հետ կապված փոքրամասնական կրոնական խմբերը, ի տարբերություն էթնիկ հայերին առնչվող փոքրամասնական կրոնական խմբերի, հայտնել են, որ կառավարության հետ ավելի լավ հարաբերություններ ունեն: Կառավարությունը հովանավորել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու առավել մեծ ներկայությունը հասարակական կյանքում։ Ըստ Եհովայի վկաների` քարոզչության ժամանակ որոշ միջադեպեր են արձանագրվել, երբ եղել են ֆիզիկական ոտնձգություններ և հնչեցվել են վիրավորական խոսքեր, թեպետ նրանք փաստում են, որ ոստիկանությունը հիմնականում օպերատիվ կերպով արձագանքել ու դադարեցրել է նման միջադեպերը: Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցում, որտեղ անդրադարձ է կատարվում 2014թ. դեպքերին, նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ հասարակության կողմից կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մակարդակը շարունակել է մնալ ցածր, և շարունակվել են խտրականության դրսևորումները փոքրամասնական կրոնական խմբերի նկատմամբ աշխատավայրում և լրատվամիջոցներում», ֊ նշում են զեկույցի հեղինակները:
Անդրադառնալով հայաստանյան ԶԼՄ֊ներին` նրանք ընդգծում են, որ տարվա ընթացքում լրատվամիջոցները շարունակում էին փոքրամասնական կրոնական խմբերի բացասական լուսաբանումը՝ հաճախ վերջիններիս որակելով «աղանդներ» կամ «պետության թշնամի»:
Զեկյուցում նշվում է նաև, որ, ըստ մի քանի փոքրամասնական կրոնական խմբերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցները «նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են քննադատել փոքրամասնական կրոնական խմբերին»:
Հայաստանում օրենքներն արգելում են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական համակարգի, փրկարարական ծառայության և զինված ուժերի ծառայողներին լինել կրոնական կազմակերպության անդամ: Այս օրենքները սակայն չեն սահմանում, թե ինչ է նշանակում «անդամակցությունը» կրոնական կազմակերպությանը:
«Ըստ հասարակական կազմակերպությունների ու կրոնական խմբերի՝ զինված ուժերում ծառայության անցնող նորակոչիկները զինվորական կոմիսարիատում հարցաշար են լրացնում, որտեղ պետք է նշեն իրենց կրոնական պատկանելությունը: Ըստ հաղորդումների՝
այդ հարցի ձևակերպումը եղել է՝ արդյոք անձը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու անդամ է, թե՞ որևէ «աղանդի»: Տարվա ընթացքում հրապարկված Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն, որտեղ անդրադարձ է կատարվել 2014թ.-ին, ներկայացվել են դեպքեր, երբ զինվորական հոգևորականները «բացատրական ու բարոյախրատական ցուցումներ» են տվել փոքրամասնական կրոնական կազմակերպությունների անդամներին:
Զեկույցում հիշատակվում էր մի դեպք, երբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող փոքրամասնական կրոնական խմբի անդամ զինվորին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու քահանայի ցուցումով ստիպել էին աղոթք ասել, իսկ հրամանատար սպան ճնշում
էր գործադրել, որ նա հեռանա իր եկեղեցուց: Ըստ զեկույցի՝ զորակոչիկն իր կամքին հակառակ 8 ամիս մասնակցել էր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կրոնական ծիսակարգերին:
Շարունակվել են լրատվամիջոցներում այն հաղորդումները, որ զինվորական ծառայության ընթացքում կանոնավոր կերպով տեղի են ունենում Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու խմբակային մկրտություններ՝ բանակի հրամանատարության աջակցությամբ», ֊ նշված է զեկույցում:
Ամբողջական զեկույցը՝ այստեղ