ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ընթացքում մի շարք քայլեր է իրականացրել, որոնք անդրադարձել են փոքրամասնական կրոնական խմբերի վրա։ Մասնավորապես, զինված ուժերում նորակոչիկներին մկրտել են ծառայության սկզբում, ինչը կրոնական հիմքերով պայմանավորված խտրականություն է։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի հրապարակած «Կրոնական ազատությունների մասին 2014» միջազգային զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանում արգելքներ են եղել կրոնական հավաքների համար տարածքներ վարձակալելու ու պաշտամունքի վայրեր կառուցելու վերաբերյալ, ինչպես նաև շարունակվել է խտրականությունը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանրակրթական համակարգում:
«Կրոնական խմբերի հաղորդումների համաձայն, մի քանի դեպքերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ճնշումներ է գործադրել նորակոչիկների նկատմամբ, որպեսզի նրանք միասին մկրտվեն որպես հայ առաքելականներ: Ըստ դիտորդների՝ որոշ դեպքերում նորակոչիկները չեն հրաժարվել մկրտվելուց, քանի որ վախեցել են, որ դրանով աչքի կընկնեն ու կմեկուսացվեն: Այլ դեպքերում, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու զինվորական քահանաները, և որոշ, բայց ոչ բոլոր, հրամանատարներ հետաքրքրվել են զորակոչիկների կրոնական պատկանելությամբ և ճնշումներ են կիրառել Հայաստանյաց Առաքելական եկեղեցուց զատ այլ խմբերի հետևորդների ու աթեիստների վրա՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու զինվորական քահանայի հետ աղոթելու ու կրոնի դասերի հաճախելու նպատակով: Ըստ հաղորդումների՝ կառավարությունը թույլ չի տվել այլ կրոնական խմբերի զինվորական քահանաների այցելությունը բանակ», ֊ գրում է ԱՄՆ Պետդեպը:
Զեկույցում անդրադարձ է կատարվում 2014 թվականի ապրիլի 26-ին Պաշտպանության նախարարության կողմից անցկացված «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով կոնֆերանսին: Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանի պաշտպանության համար կարևոր է, որ բոլորը հավատան նույն արժեքներին, այդ թվում՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն, իսկ իր խոսքի ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին «քայքայիչ աղանդների» դեմ պայքարին միանալու համար:
Տարվա ընթացքում բազմաթիվ կրոնական խմբերի կողմից հաղորդումներ են եղել հավաքների վայրեր վարձակալելու ու պաշտամունքի վայրեր կառուցելու հետ կապված դժվարությունների մասին: Ըստ Եհովայի վկաների՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչները խոչընդոտել են հողատարածքների հետ կապված ճարտարապետական նախագծման, շինարարական ու տարածքը զբաղեցնելու վերաբերյալ թույլտվությունների ստացմանը:
«Իրավապաշտպանները շարունակել են մտահոգություն հայտնել հանրակրթության ոլորտում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետզհետե մեծացող ներկայության վերաբերյալ: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպությանը թույլտվություն չի տրվել դիտարկել ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների համար մշակած և 2012-13 ուսումնական տարվանից ներդրվող «Հայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական կրթություն» նոր առարկայի պիլոտային դասերը: Ըստ նախարարության պաշտոնյայի՝ պիլոտային դասընթացը «հոգևոր ուղղվածությամբ էթիկայի դասեր են»: Տեղական դիտորդները դասընթացը համարում էին կրոնական ուսուցում, որն ի թիվս այլոց ներառում էր թեմաներ, ինչպիսիք էին աշխարհի աստվածային արարումը, աստվածաշնչյան պատմությունները, Քրիստոսի պատվիրանները և աղոթքներ:
Հասարակական կազմակերպությունը հայտնում էր, որ դժվարություններ են ունեցել դասընթացի բովանդակության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ու դասընթացն իրականացնող դպրոցների ցանկը ձեռք բերելու հարցերում», ֊ ասված է զեկույցում:
Բացի դա, մայիսի 21-ին Ազգային ժողովում ելույթ ունենալիս կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ կառավարությունը մտադիր չէ հետևել Երեխայի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 2013թ. առաջարկին, որով պահանջվում է վերանայել դպրոցական առարկայական ծրագիրը և վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկան: Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը պլանավորում է նոր ծրագրեր՝ ամրապնդելու «հայրենասիրական դաստիարակության բաղադրիչը կրթական համակարգում» և որ քրիստոնեական կրթության վերաբերյալ նոր առարկան արդեն դասավանդվել է տարրական դպրոցի 3000 աշակերտների:
ԱՄՆ Պետդեպն ուշադրություն է հրավիրում նաև ԶԼՄ֊ների աշխատանքի վրա՝ կապված կրոնական ազատությունների խնդիրների լուսաբանման հետ։
«Շատ լրատվամիջոցներ շարունակել են փոքրամասնական կրոնական խմբերին պիտակել որպես «աղանդներ» և հեռարձակել են քննարկումներ ու լրատվություն, որտեղ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևորականները փոքրամասնական կրոնական խմբերը բնութագրել են որպես «պետության թշնամիներ»: Որոշ ԶԼՄ-ներ շարունակել են հրապարակել հոդվածներ, որտեղ փոքրամասնական կրոնական խմբերը բնութագրվում էին որպես հանցագործներ ու լրտեսներ։ Կրոնական խմբերի գերակշիռ մասը սակայն նշել է, որ նախորդ տարիների համեմատ իրավիճակը բարելավվել է, և լրագրողներն ավելի ճշգրիտ ու օբյեկտիվ կերպով են լուսաբանում իրենց գործունեությունը», ֊ ընդգծում են զեկույցի հեղինակները:
Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության mil.am կայքից