Home / Տեսանյութեր / Ներողություն են պահանջում․ հայ քահանան համակարծիք է իսլամիստ ահաբեկիչների հետ

Ներողություն են պահանջում․ հայ քահանան համակարծիք է իսլամիստ ահաբեկիչների հետ

«Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Սաշիկ Սուլթանյանը Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տ. Եսայի քահանա Արթենյանին (լուսանկարում) կոչ է անում ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար։ Այս մասին նշված է Սուլթանյանի՝ ԶԼՄ֊ներին ուղարկած բաց նամակում, որտեղ անդրադարձ է կատարվում 168.am կայքում նոյեմբերի 1-ին հրապարակված «Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ» վերնագրով նյութին, որը qahana.am կայքից արտատպում է։

Նամակում Սուլթանյանը մեկնաբանում է քահանայի հետևյալ արտահայտությունները․ «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց»։

«Եթե չեմ սխալվում քահանաները բարձրագույն կրթություն են ստանում ու առնչվում են նաև այլ կրոններին: Ինչո՞վ է զբաղվել այս մարդը, երբ չգիտի, որ եզդիները արևապաշտ չեն, արևը աստծո խորհրդանիշն է եզդիական կրոնում: Արդյո՞ք նույն սկզբունքով պետք է ասենք, որ քրիստոնյաները խաչապաշտ են, մուսուլմանները՝ լուսնապաշտ:

Երկրորդ հատվածում հոգևորականը նշում է, որ «եզդիական սրբավայր մտնելիս տեսնում ենք սատանայի արձանը»: Խոսքը, հավանաբար, «Տաուսե Մալաքի» կերպարը խորհրդանշող սիրամարգ-հրեշտակի սիմվոլի մասին է, ում, համեմատության համար նշեմ, սատանա են համարում միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որի պատճառով սպանում են եզդիներին:

Այսքանով չբավարարվելով՝ քահանան նշում է, որ եզդիները աղոթում են սատանային, որ չվնասի իրենց:

Աստվածաբանությունից տարրական պատկերացում ունեցողն էլ գիտի, որ եզդիական կրոնում սատանա գոյություն չունի: Եզդիները գտնում են, որ և՛ լավը, և՛ վատը հենց մարդու մեջ է, և հենց մարդն է ընտրում, որ ճանապարհով գնալ:

Խորհուրդ եմ տալիս նման, մեղմ ասած, ոչ գիտակ մարդկանց չզբաղվել եզդիների հետ կապված հարցերով:

Կոչ եմ անում վերոհիշյալ քահանային Աստվածաշնչի համաձայն հանդուրժող գտնվել և, ընդունելով սխալը, ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար», ֊ նշում է Սուլթանյանը:

Նշենք, որ 2011 թվականին Տեր Եսայի քահանա Արթենյանը աղմկահարույց պատմության մեջ էր հայտնվել՝ Երևանի Հարավ֊արևմտյան թաղամասում վիճաբանելով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ Անդրանիկ Մակվեցյանի և Սամվել Գրիգորյանի հետ։ Մակվեցյանի խոսքով՝ քահանան հայհոյել ու վիրավորել էր իրեն։ Դատարանը Մակվեցյանի բացատրությունն արժանահավատ չէր համարել, և 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել նրան հոգևորականին վիրավորելու, վերջինիս օրինական գործունեությունը ոտնահարելու համար։