Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում հրաժարվել է ասել՝ չի վախենում արդյոք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշում կկայացնի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կրթական հաստատություններում պարտադիր դասավանդելու համար: Նման որոշման նախադեպ արդեն կա Թուրքիայի վերաբերյալ։
«Կիկոսի մահ տրամաբանությամբ կառուցված հարցերին ես չեմ պատասխանում: Հարգում եմ ազգային փոքրամասնությունների իրավունքները և նրանք զբաղվում են իրենց իրավունքների պաշտպանությամբ», – ասել է Աշոտյանը: Epress.am֊ի լրագրողի այն դիտարկմանը, թե խոսքն այս դեպքում կրոնական փոքրամասնությունների մասին է՝ Աշոտյանն հարցով է պատասխանել՝ ի՞նչ կրոնական փոքրամասնություններ կան Հայաստանում:
Լրագրողը նշել է, թե խոսքը, մասնավորապես, գնում է ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու հետնորդների, այլ, օրինակ, բողոքականների և կաթոլիկների մասին։
«Բայց նրանք ունե՞ն իրենց դպրոցները: Կրթության ծրագիրը Հայաստանում որոշում է ՀՀ կառավարությունը: Բազմակարծություն ձևավորող ազգը պետք է նաև համակերպվի, որ կան տարբեր կարծիքներ, որոնց հետ 99 տոկոսը չպետք է համաձայնվի, և չի համաձայնվում, բայց դե 1 տոկոսի կարծիքը պետք է ընդունենք: Սե լա վի», – ասել է Աշոտյանը:
Լրագրողի ևս մեկ հարցին՝ արդյոք կան ընթացակարգեր Հայաստանում այդ առարկայից հրաժարվելու համար, օրինակ, կարող է ծնողը դիմում գրել առարկայից ազատելու խնդրանքով, Աշոտյանն ըստ էության չի պատասխանել։
«ՀԿ-ներն էլի գրանտ են ուզում, նախորդները պրծա՞ն: Ես ուրիշի փողերը չեմ հաշվում», ֊ հայտարարել է Աշոտյանը:
Նախարարը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային մասին հարցին անդրադառնալով՝ մշտապես խուսափում է մարդու իրավունքների խախտումից խոսելուց, փոխարենը՝ հիշեցնում է «գրանտակեր կազմակերպությունների» մասին։ Նշենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին նշված է եղել մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպի զեկույցում։ Վերջինիս հեղինակները, մասնավորապես, 2013 թվականին ընդգծել էին, որ Հայաստանում հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր է։