Home / Առողջապահություն / Ավարտական քննություններ չեն լինի, վերջին զանգը կտեղափոխվի համավարակից հետո

Ավարտական քննություններ չեն լինի, վերջին զանգը կտեղափոխվի համավարակից հետո

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև տարվա ավարտը, այն է՝ հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում մինչև մայիսի 22֊ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մայիսի 23-ը։ Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։ Այսօր մամուլիս ասուլիսի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ըստ այդմ դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնելու են բաց թողնված դասերը։ Հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բաց թողնված դասերի լրացման պահանջ չի դրվելու կամ դրվելու է միայն բաց թողնված դասերի չափով։

Անդրեասյանը նշեց, որ այժմ քննարկվում է հաջորդ ուսումնական տարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ շաբաթ օրերին դասեր կազմակերպելու, ինչպես նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը, բայց սա կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կլինի ուսումնական տարվա ավարտին, և ինչքանով հեռավար ուսուցման գործընթացը ծածկած կլինի ուսումնական տարվա ամբողջ ծավալը։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականները ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա։

«Տեխնիկական սարքերի և ինտերնետային կապի հասանելիության պատճառով երեխաների մի մեծ խումբ դուրս է մնում հեռավար ուսուցման շրջանակներից, և մենք խոսում ենք առնվազն շուրջ 15-20 տոկոս աշակերտների մասին ամբողջ հանրապետությունում։ Հետևաբար բոլոր որոշումները պետք է բխեն բոլոր աշակերտների շահերից։

Չենք կարող կայացնել անհավասար որոշումներ։ Երեխաների խումբը, որը հանգամանքների բերումով չի կարողացել կրթությունը շարունակել հեռավար ձևով, չի կարող զրկված լինել այն հնարավորություններից, որոնք հասանելի են եղել այլ խմբերին։ Եվ քանի որ առկա ուսուցման գործընթաց ունեցել ենք մինչև մարտի 13-ը, տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև մարտի 13-ը ունեցած և արդեն իսկ էլեկտրոնային մատյան փոխադրած գնահատականների հիման վրա», ֊ պարզաբանեց նախարարի տեղակալը։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարաններում փոխադրվելու քննություններ չեն իրականացվի։ Տարեկան գնահատականները կամփոփվեն մինչև մարտի 13-ը ունեցած գնահատականների հիման վրա։ Այն առարկաների գնահատականները, որոնք քննական էին, այս դասարաններում նաև կհամարվեն քննական գնահատականներ։ Քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ինչպես նաև ավարտական 12-րդ դասարանում․ ամփոփումը տեղի կունենա նույն ձևով։

Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, նրանք հնարավորություն կունենան ընտրել՝ պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը որպես ատեստատում քննական գնահատական։ «Նախատեսում ենք, որ ամփոփումը կիրականացվի և ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25֊ը», ֊ ասաց Անդրեասյանը։

Բուհերի ավարտական պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները՝ ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակներում: Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացն ավարտելով մինչև հուլիսի 1-ը։

Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն։ Միասնական քննությունների ցանկը ըստ մասնագիտությունների կհայտարարվի ապրիլի 30-ին։ Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը։ Ըստ ընթացակարգի, մինչև մարտի 15֊ը, դիմորդները արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը։

Անդրեասյանը նշեց, որ ընթացակարգի փոփոխության պատճառով հայտագրման փոփոխությունների անհրաժեշություն է առաջացել․ «Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ որպես մեկ միասնական գործընթաց։ Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը։ Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները, միաժամանակ, կընտրեն քննական առարկան, բուհը և մասնագիտությունը։

Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները։ Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը»։

Ըստ նախարարի տեղակալի ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի կանխարգելման կանոնների պահպանմամբ։ Քննական կենտրոնները գործելու են ամբողջ հանրապետությունում՝ ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվն ըստ քննական սենյակների և կենտրոնների։ Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում։ Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է ընդունելությունը կազմակերպեն մեկ քննության միջոցով։ Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում։

Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ նույնպես չեն իրականացվի։ Ամփոփումը կկատարվի այնպես, ինչպես դպրոցական ավարտական քննությունների պարագայում։ «Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, ապա տարեկանը նշանակվելու է առաջին կիսամյակի հիման վրա։ Ամփոփումը կիրականացվի և դիպլոմները կտրվեն մինչև հունիսի 5-ը», ֊ ասաց Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվել է մագիստրատուրայի ընդունելության ժամկետները սահմանել հունիսի 16-30֊ը՝ արդյունքներն ամփոփելով մինչև հուլիսի 5-ը։ Առաջարկվել է նաև կասեցնել ոչ մրցույթային առարկաների համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը ասպիրանտուրայի ընդունելության գործընթացում։ Գործընթացը կիրականացվի հունիսի 16-30-ը, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը։

Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով՝ օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվելու է մեկական քննություն՝ նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում։ Հայտերի ընդունումը նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։

Մեդալի քննություններն այս տարի չեն իրականացվելու․ բոլոր շրջանավարտները, որոնք մեդալի հավակնորդ են, կունենան հնարավորություն հաջորդ ուսումնական տարում մասնակցելու քննությունների։

«Այն պայմաններում, երբ համավարակն այլևս խնդիր չի լինի և հնարավոր կլինի կազմակերպել հանրային միջոցառումներ, միասին որևէ օր կորոշենք և համատեղ կիրականացնենք վերջին զանգի արարողությունը», ֊ հավելեց Անդրեասյանը։