Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիային զուգահեռ ռազմադաշտեր են ծավալվել նաև հայկական և ադրբեջանական սփյուռքներում։ «Ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի» բողոքի ցույցերը՝ բախվելով «Ընդդեմ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի» ցույցերին՝ պարբերաբար վերածվում են զանգվածային ծեծկռտուքների (Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Բրյուսելում, Հաագայում, Վարշավայում, Քիշնևում, Մոսկվայում, …)։ Հրապարակային բախումների հետ մեկտեղ՝ գրանցվում են հարձակումների և բռնությունների առանձին դեպքեր։ Որոշ դեպքերում դրանք տեսաձայնագրվում են և հրապարակվում։ Խմբակային հարձակումները և ինքնադատաստանները ներկայացվում են իբրև համերաշխության դրսևորում՝ սփյուռքից հայրենիքին։
Կան տասնյակ վիրավորներ։ Մի քանի հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ։ Բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել։
Հայկական և ադրբեջանական գաղթական համայնքների անդամները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերջ տալ բռնությանը և զբաղվել բացառապես խաղաղ ակտիվիզմով։ Կոչը բաց է միանալու համար։
— Որպես հայաստանյան և ադրբեջանական գաղթական համայնքների անդամներ, մենք դատապարտում ենք անհատների կողմից մյուս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ գործադրված բռնությունը, որն իրագործվում է հայրենասիրության անունից։
Մեր հասարակությունները հիմնարար անհամաձայնություն ունեն հայ֊ադրբեջանական հակամարտության հարցում, բայց աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում կատարվող ձեռնամարտերը օգուտ չեն տալիս կողմերից ոչ մեկին։ Փոխարենը դրանք վտանգում են տարրական ապահովությունն ու մարդկային արժանապատվությունը։
Որպես ընկերակից ներգաղթյալներ, մենք մեր սփյուռքի համայնքների բոլոր անդամներին կոչ ենք անում զբաղվել բացառապես խաղաղ ակտիվիզմով, հարգել մյուսների՝ նույնն անելու իրավունքը և մերժել բռնությունը, ապամարդկայնացումը և խտրականությունը:
Ջավիդ Աղա (Անկարա),
Ֆիլիպ Գամաղելյան (Սան Դիեգո),
Արզու Գեյբուլա (Ստամբուլ),
Ուլվի Իսմայիլ (Վաշինգտոն ԿՇ),
Սիմոն Մաղաքյան (Դենվեր),
Արտյոմ Տոնոյան (Թվին Սիթիս)
Ավելի ուշ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև լրագրողներ Թաթուլ Հակոբյանն ու Շահին Ռզաևը։ Հայտարարությունը՝ այստեղ։