Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 16-ին մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության դա տեղի է ունեցել, երբ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փորձում էին զսպել ադրբեջանական կողմի ակտիվությունը՝ վերջին օրերի ամրաշինական աշխատանքները։ Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանի նույն հատվածում վիրավորում է ստացել ենթասպա Ալիև Ռենատ Էլդար օղլին։
«Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: