Որոշ ռազմագերիներ, ովքեր գտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դա պաշտոնապես հաստատվել է, դեռևս չեն վերադարձվել։ Քաղաքացիականները արդեն վերադարձվել են, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Որոշ գերիների մասին կան տեսանյութեր և ապացույցներ, ինչպես Հայաստան վերդարձացած ռազմագերիներից վկայություններ, որ ադրբեջանական բանտերում տեսել են այդ մարդկանց, բայց Ադրբեջանը հրաժարվում է հաստատել նրանց գերության փաստը։
Այս պահին 40 անհետ կորած քաղաքացիական կան, որոնցից մի մասը, տարբեր տեղեկություններով, սպանվել է, մի մասը գերեվարվել և ադրբեջանական բանտում է պահվում, իսկ մյուս մասը անհետ կորած է։
«Կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են, կա՛մ թաքստոցում են: Գերիներ կան նաև ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնց մասին կենտրոնական իշխանությունը հնարավոր է՝ տեղյակ չէ, բայց նրանք, միևնույն է, այդ պետության պատասխանատվության տակ են, և եթե նրանց հետ ինչ-որ բան է կատարվում, պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»։
Պաշտոնյան հավելել է՝ գերության մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիների սպանության մասին ևս առկա են ապացույցներ։
Գերիների մեջ կան նաև կանայք․ «Արդեն առնվազն 4 կին է վերադարձվել գերությունից, բայց ավելի շատ կանայք կան գերության մեջ՝ մի մասը հաստատված ու ապացուցված, մի մասը՝ անհայտ կորած, որոնց մասով կասկածներ կան, որ գերության մեջ են»:
Ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է մոտ օրերին վերադառնան, եթե հաշվի առնենք Խծաբերդից տարված 62 ռազմագերու փաստը»։
Բեգլարյանի տեղեկություններով՝ Ադրբեջանից մինչ այս վերադարձած հայ գերիների ընդհանուր թիվը 53 է։