Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ զրկել է Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից կողմ են քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ Զոհրաբյանի՝ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը Ազգային Ժողովին էր ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախագիծը ներկայացվել էր պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից հետո։
Դեկտեմբերի 17-ին Զոհրաբյանը մասնավորապես գրել էր․«Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
«Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո՛, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և, առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։ Ու բռնի ուժով տանել կրթելու։ Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն հարց է։ Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ։», – ասված էր Զոհրաբյանի արդեն դեկտեմբերի 22-ի գրառման մեջ։
«Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումներից, հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ նա անում է Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ:»- նշել էր ԻՔ դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը
Զոհրաբյանը, ինչպես և ամբողջ ԲՀԿ խմբակցությունը, չի մասնակցել նիստին, նախագիծն անվանելով քաղաքական հետապնդում և սպառնալով դիմել Սահմանադրական Դատարան։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու, իսկ չառաջադրելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը: