Եվրախորհրդարանը հունվարի 21-ին ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում և ղարաբաղյան հակամարտությանը օտարերկրյա զինյալների ներգրավվումը, ափսոսանք հայտնել, որ Թուրքիան փորձել է խարխլել խաղաղ կարգավորումը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբը և կոչ արել զերծ մնալ կոնֆլիկտին միջամտելուց և Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց։
Զեկույց-բանաձևով կառույցը դատապարտել է նաև խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը։ Պատգամավորները ընդգծել են կասետային զինատեսակների օգտագործման հանգամանքը և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել այդ զինատեսակի կիրառումը արգելող Կոնվենցիան։
Եվրախորհրդարանը նաև ողջունել է նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարի համաձայնագիրը և հորդորել Եվրամիությանը ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործում․ «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։
Հակամարտության երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, նշվում է փաստաթղթում․ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի Հիմնարար սկզբունքների վրա։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով նախօրեին ընդունված զեկույցը, ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտել է պատերազմական հանցագործությունները, այլև շեշտել, որ դրանք պետք է անպատիժ չմնան։ Նաղդալյանը անդրադարձել է նաև Թուրքիայի ներգրավվածությանը վերաբերող արձանագրումներին՝ ողջունելով դրանք։
«Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից», – «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակը։
Նրա փոխանցմամբ, Հայաստանը կարևորում է միջազգային հանրության ջանքերը՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:
Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: