Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին խուսափել բռնությունից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը:
«Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից», – հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը», – ընդգծել է Փրայսը:
Դիվանագետը շեշտել է՝ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին:
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը», – հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը՝ կոչ անելով առաջնորդներին «տարաձայնությունները լուծել խաղաղ, հարգելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները»:
Ավելի վաղ Հայաստանում ստեղծված իրավիճակին անդրադարձել են նաև Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը, Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Երևանում ԱՄՆ դեսպանատունը (մանրամասները՝ այստեղ)։
Հաղորդվել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։