Մյանմայում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո երկրի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են։ Երեկվա ցույցերի ընթացքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. սպանվել է առնվազն 38 մարդ։
Երկրի իշխանությունը գրաված զինվորականներին ենթակա ուժերը մարդկանց խիտ խմբերի ուղղությամբ կրակում էին Յանգոնայում, Մանդալայում, Մյինջանում։ Սպանվածներից նվազագույնը երկուսն անչափահասներ են։
ՄԱԿ-ի Մյանմայի գծով հատուկ դեսպանորդ Կրիստին Շրաներ Բուրգեների տվյալներով, հեղաշրջմանը հաջորդած մեկ ամսվա ընթացքում նվազագույնը 50 ցուցարար է սպանվել։
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել։ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիին տնային կալանքի տակ է։
Փետրվարի 8-ից սկսած երկրում լայնամասշտաբ գործադուլներ են․ տասնյակ հազարավոր պետաշխատողներ աշխատանքի գնալու փոխարեն հավաքվում էին երկրի խոշորագույն քաղաքների փողոցներում։