Home / Հայաստան / Նախկին նախագահի գողացածից 1․5 միլիարդ հաջողվել է հետ բերել

Նախկին նախագահի գողացածից 1․5 միլիարդ հաջողվել է հետ բերել

Ուկրաինայի պետական բյուջե է վերադարձվել շուրջ 1․5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը «պատկանում» էր երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին և շրջապատին։

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ փոխնախարար Եվգենի Ենինը, գումարի 87%-ը կանխիկ էր։

«Սրանք ինչ-որ միֆական արժեթղթեր չեն, այլ 1․3 միլիարդ դոլար կանխիկ փող ու ևս 200 միլիոն դոլարի արժեթղթեր», – պատմել է փոխնախարարը և հավելել, որ Ուկրաինային առաջին անգամ հաջողվել է գումար հետ բերել նաև ԱՄՆ տարածքից՝ շուրջ 600 000 դոլար։

«Յանուկովիչի փողերը» կուղղվեն երկրի արտաքին պարտքի մարմանը։

Ենինը շեշտել է, որ գումարները գողացվել են Յանուկովիչի կառավարման տարիներին գործած հանցավոր մի կազմակերպության կողմից․

«Նրանք փող էին հավաքում ողջ Ուկրաինայից, տնտեսության բոլոր ճյուղերից։  Փողերը նախ լվանում էին Ուկրաինայում, այնուհետև՝ այսպես կոչված հաբ-ձեռնարկությունների միջոցով, տանում գումարների «լվացման» միջազգային կենտրոններ»,- նշել է պաշտոնյան։

Գողացված փողերի վերադարձի գործընթացը շարունակվում է։

Յանուկովիչը, հիշեցնենք, իշխանությունից հեռացվել է 2014 թվականին՝ Մայդանի արդյունքում։ Փախուստի մեջ գտնվող նախկին նախագահի նկատմամբ դրանից հետո հարուցվել են մի շարք քրեական գործեր։