Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շուրջ 15%-ով արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ նախագիծն արձագանք է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճին։
«Պղնձի գները անցած տարվա 6 հազար դոլար 1 մետրիկ տոննայի համար այժմ գտնվում են մոտավորապես 9200-9300 դոլարի սահմաններում, իսկ մոլիբդենի գները անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում են: Այսինքն այս ավելացումն ըստ էության թույլ է տալիս, որպեսզի ավելացված մասի մի մասը մենք վերցնենք», – ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունից հետո առաջիկա 6 ամիսներին բյուջե կմուտքագրվի մոտ 35 միլիարդ դրամ:
Նախարարը հերքել է, թե նախագիծն ունի քաղաքական նպատակներ․
«Այս նախագիծը չի քննարկվել տնտեսվարողներ հետ, որովհետև այստեղ այնքան ակնհայտ գործողություն ենք մենք անում, որը քննարկելու կարիք չկա: Բայց այն համակարգային փոփոխությունները, որ նախաձեռնում ենք, այդտեղ ներգրավված կլինեն թե՛ բնապահպաններ, թե՛ միջազգային էքսպերտներ, թե՛ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ հենց կոնկրետ տնտեսվարողները», – նշել է պաշտոնյան։
Հայաստանում պղնձի և մոլիբդենի խոշորագույն արտահանողներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի խորհրդի անդամ է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նույն դաշինքից առաջադրված պատգամավոր Աննա Գրիգորյանը նշել է, որ նախագծում քաղաքական շարժառիթներ է տեսնում։ Պատգամավորը, սակայն, «այս պահին ավելի խորը տնտեսական վերլուծություններ չի կարող անել»։