Այսօր Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրներ», այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը։
«․․․Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա», – ասված է հաղորդագրության մեջ։
Եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովն առանձին հանդիպել է Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։
«Ղարաբաղը միշտ պետք է օգտվի մեր ուշադրությունից»,- Միրզոյանի հետ հանդիպման սկբնամասում ասել է Լավրովը:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դիվանագետները Մինսկում մասնակցում էին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, երկու նախարարները հանդիպել էին Նյու Յորքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, ինչից հետո երկու կողմերն էլ պատրաստակամություն էին հայտնել նորից հանդիպելու։