Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվելու է 1920-ականների խորհրդային քարտեզների հիման վրա՝ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խորհրդային տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել՝ 1926-1927-ին, և ավարտվել է 1929-ին։ Հետագայում ձևավորված քարտեզները հիմվել են հենց այդ թվականների քարտեզի վրա», – կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճապազրույցում, ասել է Գրիգորյանը։
Սահմանազատման և սահմանագծման հարցերով աշխատանքային խումբն այժմ քննարկում է, թե ինչպես է սկսվելու գործընթացը, կոնկրետ որ քարտեզն է հիմք ընդունվելու․ «Եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությունը դրա մասին կիմանա»։
«Միակ իրավական հիմք ունեցող քարտեզը 1920-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 1926 թվականի է, մի մասը՝ 1929-ը։ Այդ հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», – հավելել է պաշտոնյան։
Քարտեզները ռուսական բանակի գենշտաբում են․ Հայաստանն էլ «օրինակ ունի»
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե քարտեզները, որոնց հիման վրա իրականացվելու է դելիմիտացիան, ռուսական բանակի գլխավոր շտաբում են պահվում, ուստի՝ «առանց Ռուսաստանի մասնակցության այստեղ հնարավոր չէ ոչինչ անել»։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր՝ «Այնպես չէ, որ այդ քարտեզների օրինակից Հայաստանի Հանրապետությունում չկա։ Պարզապես Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես գալիս»։ Փաշինյանը նաև հավաստիացրել էր՝ նշված քարտեզները «եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված սահմանների հետ»։
Եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց քննարկվում է
Արդեն օրեր շարունակ ռուսական և հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում եռակողմ հայտարարություններ են ստորագրվելու։ Շրջանառվող լուրերի համաձայն, հայտարարություններից մեկը հենց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանն է վերաբերելու՝ Երեւանն ու Բաքուն այդկերպ ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ականների խորհրդային քարտեզները։
Մյուս փաստաթուղթը, ըստ այս տեղեկությունների, վերաբերելու է ապաշրջափակմանը․ նշվում է, թե փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը գրեթե պայմանավորվածության է եկել, ճանապարհ-միջացնքները բացվելու են, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող։
Մինչ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է «Զանգեզուրի միջանցի» մասին, հայկական կողմը շարունակ պարզաբանում է՝ «միջանցքային տրամաբանությամբ» հարցեր չեն քննարկվում։ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այսօր հայտարարել է՝ փոխվարչապետերի աշխատանքային խմբում արձանագրված է, որ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։
Հայաստանի արտգործնախարարությունը ի պատասխան շրջանառվող տեղեկությունների հաղորդել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։ Նախօրեին նույնը վերահաստատել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։