Հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ հաղորդել է Դոնբասում թուրքական արտադրության Bayraktar TB2 -ների մարտական կիրառման մասին։ Սկզբում ուկրաինացի կամավորները, հետագայում արդեն զինված ուժերի գլխավոր շտաբը տեսանյութ էին հրապարակել, որը պատկերում է ԱԹՍ-ի հարվածի և հրետանու երեք միավորներից մեկի խոցման պահը։
Ուկրաինական գլխավոր շտաբը ավելի վաղ հայտարարել է, թե Դոնբասի անջատականները գնդակոծել են Գրանիտնոյե բնակավայրի մոտ տեղակայված ուկրաինական դիրքերը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Հավանաբար, նույն հատվածում անօդաչուի կիրառումը պատասխան հարված է համարվում։
Սա Ուկրաինայի կողմից թուրքական ԱԹՍ-ների առաջին մարտական կիրառությունն էր։ Մինչ այդ ուկրաինական զինված ուժերը Bayraktar-ներն օգտագործել են հետախուզական նպատակներով, ըստ հրամանատարության՝ արդեն շուրջ կես տարի, այն բանից հետո, ինչ Մոսկվան նոր ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ։
Դոնբասի չճանաչված «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչները հայտարարել են, որ Bayraktar-ի կիրառումը խախտում է Մինսկի մեմորանդումի դրույթները, մասնավորապես՝ «շփման գծի երկայնքով ռազմական ավիացիայի և օտարերկրյան ԱԹՍ-ների թռիքչների արգելքը»։
Ուկրաինական բանակը հակադարձել է՝ անօդաչուն չի հատել շփման գիծը և չի անցել «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կողմից փաստացի վերահսկվող տարածքներ․ հարվածն իրականացվել է ուկրաինական բանակի հսկողության տակ գտնվող տարածքներից։
Լավրովը կասկածում է, Պեսկովը՝ նախազգուշացնում
Պաշտոնական Մոսկվայի արձագանքը միանշանակ չէր․ մի կողմից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ էր դրել ինքնին ԱԹՍ-ի կիրառման փաստը, մյուս կողմից՝ Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, հայտարարել էր, թե «Ուկրաինայի ԶՈՒ-երի օգտագործման համար թուրքական զինամթերքի մատակարարումները Դոնբաս կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը»։
Ռուսական ռազմական էքսպերտները փորձում են նվազեցնել լարումը՝ հայտարարելով, որ Bayraktar-ին հաջողությամն կարող են հակազդել ժամանակակից ՀՕՊ-երն ու ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌէՊ) միջոցները։ Ուկրաինական ռազմկան փորձագետները չարախոսում են՝ Դոնբասում հակազդեցության նման միջոցներ չկան։
Ուկրաինայի բանակի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը հայտարարել է, թե ԱԹՍ-ները մինչ այս հաջողությամբ կիրառվել են հետախուզական նպատակներով և չի բացառել հետագայում դրանց մարտական կիրառության հավանականությունը։
12 Բայրաքթարից 36 Բայրաքթար
Ամերիկյան գերժամանակակից օպտիկական սարքավորումներով «զինված» թուրքական ԱԹՍ-ները հատկապես լայնորեն «գովազդվում էին» 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանական բանակի կողմից հրապարակված տեսանյութերը, որոնցում երևում էր՝ ինչպես են Բայրաքթարները խոցում հայկական տեխնիկան և սպանում հարյուրավոր զինվորների, տարածվում էին որպես թուրքական զինամթերքի արդյունավետությունը ապացուցող նյութեր։ Թուրքիան և նրա դաշնակիցները Bayraktar-ները ավելի վաղ կիրառվել են նաև Սիրիայում և Լիբիայում։
Պաշտոնական Կիևն այս պահին իր զինանոցում ունի 12 միավոր Bayraktar, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։
2021-ի հոկտեմբերին Թուրքիան և Ուկրաինան Bayraktar-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, հայտարարվել է նաև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել մտադրության մասին։
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի փետրվարից սկիզբ առած զինված հակամարտության հետևանքով զոհվել է շուրջ 13 հազար մարդ։