Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից Հայաստանի արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է՝ հաղորդել է պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի՝ իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
«Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր առնվազն 4 վիրավորների և 12 հայ զինծառայողների գերեվարման մասին։ «Դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ», – ասել էր իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Քիչ առաջ կառավարությունը հաղորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի, այնուհետև՝ նաև Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն էր հայտնել՝ ջանքեր գործադրելու՝ մարտական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը ստաբիլիզացնելու ուղղված։