Home / Կրթություն / Գիտակրթական են, վնասակար, ժամանակավրեպ և քաղաքական պատկերացումներով՝ ինֆանտիլ

Գիտակրթական են, վնասակար, ժամանակավրեպ և քաղաքական պատկերացումներով՝ ինֆանտիլ

Պրոգրեսի ռեակցիոնիստ ջատագովները

Վերջին տարիներին մեկը մյուսի հետևից հայտնվում են ՏՏ սեկտորին առընթեր տարբեր մասշտաբների գիտակրթական նախաձեռնություններ, որոնք նպատակ են հռչակում Հայաստանի գիտության և կրթության որոլտի բարելավումը։ Ըստ էության, սրանցից առավել խոշորները և/կամ հավակնոտները գործում են որպես լոբբի, գիտության և կրթության քաղաքականության մեջ առաջ են բրդում իրենց օրակարգերը։ Այս նախաձռնությունները իրենց ազդեցությամբ վնասակար են, գաղափարաբանությամբ՝ ժամանակավրեպ, քաղաքական պատկերացումներով՝ ինֆանտիլ։

Տարատեսակները և նպատակաները

Գիտակրթական այս նախաձեռնությունները բաժանվում են երեք մասի՝ մեծ, միջին և փոքր։ Մեծերի մի մասը՝ սովորաբար հիմնադրամների տեսքով, պետությանը կրթության ոլորտում աջակցելու բարի ցանկության քողի ներքո զբաղված են փողերի լվացմամբ, ինչ-որ ահատների իմիջի ձևավորմամբ և այլն։ Մեծ նախաձեռնություններից մյուսները (մեծ ավելի շուտ ամբիցիաներով, քան ներդրված կապիտալով)՝ սովորաբար ձևավորված որպես նախաձեռնություն կամ ՀԿ, փորձում են ազդել գիտության և կրթության քաղաքականության կուրսի վրա․ հիմնադիրների ցանկությունը պարզ է՝ ստեղծել աշխատուժ իրենց իսկ բիզնեսների համար, ավելի կարճաժամկետ հեռանկարում՝ բարձրացնել սեփական վարկանիշն ու հասնել ներքին բավարարվածության։

Միջին նախաձեռնությունները սովորաբար աշխատաշուկայի ուղիղ կրթական ծրագրեր իրականացնողներն են՝ այթի ընկերություններ, մասնավոր կրթական հաստատություններ, կոնկրետ մագիստրոսական ծրագրեր և այլն։ Սրանք հաճախ կիսում են գաղափարաբանական պատկերացումները մեծ նախաձեռնությունների հետ, սակայն ծառայում են աշխատաշուկան կոնկրետ մասնագետներով ապահովելու հստակ խնդրին՝ անշուշտ, ավելի թափանցիկ և ավելի էֆեկտիվ մոտեցմամբ։

Վերջապես փոքր նախաձեռնությունները՝ էնտուզիաստ անհատներ, որոնք փորձում են ոլորտում ունենալ իրենց փոքր, բայց դրական ազդեցությունը որպես բարի կամքի դրսևորում։ Սա սովորաբար դրդում է նրանց մտնել համակարգի որևէ մասի մեջ և հիշեցնում «Առաքյալը» պատմվածքի սյուժեն։

Պատմության իներցիան

Այս նախաձեռնությունների միասնական նպատակը կրթության և գիտության ոլորտը օգտագործելն է՝ հարուստ և կայուն տնտեսություն ունենալու համար։ Բիզնեսի հաջողությունը, հատկապես ՏՏ ոլորտում, կապվում է տեղում որակյալ մասնագետների արտադրության և արտաքին ներդրումների ներգրավման հետ։ Առաջինը ուղղակիորեն պայմանավորված է կրթությամբ, երկրորդի համար կարևոր է անվտանգությունը և պետական ինստիտուտների կանխատեսելի/հարթ աշխատանքը։ Այս խնդիրների լուծումը դիտարկվում է պատմականորեն ձևավորված գաղափարաբանական երկու հոսքերի միջով։

Առաջինն այսպես կոչված պետականամետությունն է։ Ենթադրվում է, որ մենք պետք է կենսական էներգիա ներդնենք պետության ամրացման և շենացման գործի մեջ՝ մեր իսկ բարօրության համար։ Լռելյայն սա ենթադրում է, որ ցանկացած ռադիկալ շարժում՝ հիմնական կուրսից ցանկացած շեղում, անընդունելի է, քանի որ կարող է խաթարել կայունությունը, հետևաբար թուլացնել պետությունը․ անհրաժեշտ է գլուխը կախ աշխատել համակարգի մեջ՝ հաստատված կուրսի սահմաններում փոքր ռեֆորմների հասնելու տրամաբանությամբ։

Կոնֆորմիզմը, իհարկե, այս կամ այն չափով հատուկ է բոլոր պետություններին, քանզի այն, բացառելով այլընտրանքը, թույլ է տալիս իշխող վերնախավին վերարտադրվել՝ պահպանելով կամ ընդլայնելով կարողությունները։ Մեր վերջին շրջանի պատմության մեջ սա կապվում է նախևառաջ սերժաքոչարայանական համակարգի հետ։ Ուլտրաազգայնական և միլիտարիստական (նժդեհականութուն և այլ) գաղափարաբանությունը, իհարկե, կապված էր Ղարաբաղյան կոնֆլիկտը սառեցված վիճակում պահելու անհրաժեշտության հետ՝ որպես ղարաբաղյան կլանի ուղղակի տնտեսական շահը ապահովող նախապայման։

Երկրորդ՝ գիտահեն տնտեսության կոնցեպտը առաջարկվել էր Տիգրան Սարգսյանի կողմից մոտ 12-13 տարի առաջ։ Որպես վերացական մի գաղափար այն, իհարկե, վատը չէ, բայց Հայաստանի կոնտեքստում ծառայում է որպես իրականությունը ստվերող հերթական գործիք և բերում առաջնահերթությունների որոշակի անիրատեսական դասավորության։

Արդյունքում մշակվում են օրակարգեր, որոնք ոճով ավելի նման են դաշնակցական երդման, իսկ բովանդակությամբ որևէ կապ չունեն խնդրի լուծման հետ (դրանք, որպես կանոն, անտեսում են ոչ միայն աշխարհքաղաքական իրողությունները, այլև ներքաղաքական հնարավորությունները, տնտեսական կարողությունները, ռեսուրսների հասանելիությունը և այլն)։

Հատկապես յուրահատուկ քաղաքական ինֆանտիլությամբ է առանձնանում մեծ հավակնություններով գիտակրթական լոբբին։ Հավաքվածները՝ հիմնականում բիզնեսմեններ կամ առաջատար ինժեներներ, ակնհայտորեն որևէ պատկերացում չունեն ոչ կրթության քաղաքականությունից, ոչ գիտությունից, ոչ էլ առհասարակ քաղաքականությունից։

Ազդեցությունը

Ինչպես արդեն նշեցինք, այս նախաձեռնություններից միայն միջին չափի կրթական պրոյեկտներն են, որ հստակ լուծում են իրենց առջև դրված խնդիրը։ Նրանք առանձնապես վնաս կամ մեծ օգուտ չեն տալիս, ուղղակի որոշ մարդկանց ապահովում են աշխատանքով և որոշ բիզնեսներ՝ աշխատուժով։ Մնացածը որևէ դրական ազդեցություն գիտության և կրթության ոլորտի վրա չունեն։ Այն չնչին մասնավոր գումարները, որ ոլորտ են մտնում նրանց հաշվին, անհամեմատ են հասցրած վնասին։ Նրանք պարզապես վիժեցնում են թեմայի շուրջ ցանկացած (այլ) դիսկուրսի առաջացում և զբաղեցնում առանց այն էլ սահմանափակ մարդկային ռեսուրսի մեծ մասը։

Ոչ ակտուալութունը

Գաղափարային այս հոսքերը ապրում են իրենց վերջին օրերը։ Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրողությունները մոտ ապագայում էական փոփոխությունների են ենթարկվելու։ Տարածաշրջանում կոմունինկացիաների ապաշրջափակումը, վերջապես՝ հաշտության պայմանագիրը, տնտեսական նոր ոլորտները, որ կառաջանան նոր իրողություններին զուգահեռ, անշուշտ կնվազեցնեն նաև պետական ստրուկտուրաների կայացման մեջ ՏՏ լոբբիի (թվացյալ) դերը և կմարգինալիզացնեն դրա առաջարկած հայեցակարգերը՝ գրված հատուկ ռազմական բլոկադայի համար։ Նրանք, հավանաբար, կփոխեն հայեցակարգերը, կընտրեն նոր ռազմավարություններ, բայց հայաստանյան գիտությունն ու կրթությունը դժվար թե դրանից առանձնապես բարելավվի։

Գևորգ Մնացականյան