Թարմացում 16։14- ԶՈՒ ԳՇ պետի ազատմանը հաջորդել են ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ազատման հրամանագրերը․
— Արմեն Առուշանյանն ազատվել է Ինժեներական զորքերի պետվարչության պետի պաշտոնից,
— Արթուր Պողոսյանը՝ Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից,
— Անդրանիկ Մակարյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից,
— Արմեն Հարությունյանը՝ Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։
15։22- Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ազատվել է պաշտոնից։ Հրամանագիրը ստորագրել է նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»։
Դավթյանը, հիշեցնենք, անցնում է «Հին հրթիռների» քրեական գործով և մեղադրվում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Այս գործով են անցնում նաև ՊՆ նախկին նախարար, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսի հեղինակ Դավիթ Տոնոյանը, ով կալանավորվել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին և հրթիռները ՊՆ-ին մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով այժմ ևս կալանավորված է։
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի մարտից։ Դրանից առաջ՝ 2020-ի նոյեմբերի 11-ին ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որում նշանակվել էր հուլիսին՝ (համավարակի օրոք որդու համար ճոխ հարսանիք անելուց հետո) ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվելուց մեկ ամիս անց։