Home / Բանակ / Սպանելով և պայթեցնելով ռուսական զորքը շարժվում է դեպի Ուկրաինայի խորքը 

Սպանելով և պայթեցնելով ռուսական զորքը շարժվում է դեպի Ուկրաինայի խորքը 

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա․ ռմբակոծության են ենթարկվում մայրաքաղաք Կիևը, Խարկովը, Օդեսան, Մարիուպոլը, Կրամատորսկը․․․ Որոշ բնագծեր ճեղքված են։ Կիևը հայտնում է մեծաթիվ զոհերի մասին։

Ո՞ւր են մտել
(Երևանի ժամով 19։25-ի դրությամբ)

Կիևի մարզում պայթյունները շարունակվում են․ տեղական ժամանակով 12-ի կողմերը մայրաքաղաքում պայթյունի հերթական ձայնն է լսվել, Hromadske լրատվականը ենթադրում է, որ դա կարող էր Կիևի մարզի Բրովարի քաղաքում որոտացած երկու պայթյունների արձագանքը լինել․․․

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Կիևի մարզում ռուսական զինված ուժերն անցել են հարձակման։ Ըստ նույն աղբյուրի, ՌԴ զորքերը փորձում են նշված հատվածում ճեղքել պետական սահմանը․ ռուսական տեխնիկան անցել է Վիլչայի անցակետը, «սահմանապահները և ուկրաինացի զինվորները մարտեր են մղում»։

Ռուսաստանը ներխուժել է նաև Խարկովի մարզ․ տեղեկությունը հաստատել է նաև պաշտոնական Կիևը։ Ռուսական տանկերը շարժվում են նաև Լուգանսկի մարզով (Կրասնայա Տալովկայի, Միլովոյի, Գորոդիշեի հատվածներ)․ ուկրաինական կողմի փոխանցմամբ, այստեղ թեժ մարտեր են ընթանում։
Խերսոնի մարզի Գոլայա Պրիստան քաղաքը, ըստ մոսկովյան «Новая газета»-ի, շրջափակման մեջ է․ ռուսական զորքերը այն կտրել են մարզկենտրոնից։

Որոշ բնագծեր ճեղքված են․ ուր են հասել ռուսական զորքերը՝ ստույգ հայտնի չէ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քիչ առաջ հայտնել է, որ ռուսական զորքերը փորձում են գրավել Չերնոբիլի ատոմակայանը։

Մարիուպոլի վարչակազմը հաղորդել է «Վոստոչնի» բնակելի թաղամասի ռմբակոծության մասին․ տեղական իշխանությունների փոխանցմամբ, հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքներն ու առանձնատները։

Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ, տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ օդից ռմբակոծվում են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Բերդյանսկի, Պոլտավայի, Նիկոլաևսկի, Խերսոնի մարզերում տեղակայված ռազմական օբյեկտները։ Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքում պայթյունից երեք տուն և մեկ խանութ է փլուզվել։

Ռուսասկան ուժերը հարվածում են մի քանի ուղղություններից, այդ թվում՝ բռնազավթված Ղրիմից։ Ըստ Կիևի՝ ռազմական գործողություններին մասնակցում են նաև Բելառուսի զինված ուժերը (Մինսկը սա հերքում է)։

Ռուսական զորքերը, ըստ ուկրաինական կողմի, անտեսել են Սչաստյե քաղաքից և Լուգանսկայա ավանից հումանիտար միջանցնքներ տրամադրելու Կիևի պահանջները։ Ռմբակոծություններն այստեղ չեն դադարում, կանանց և երեխաներին տարհանելու հնարավորություն չկա։


կարմիր կլորները՝ ռմբակոծվող բնակավայրեր, կարմիր քառակուսիները՝ բնակավայրեր, որտեղ մարտեր են ընթանում, սև քառակուսիները՝ անջատողականների վերահսկողությանն անցած բնակավայրեր․ քարտեզը՝ «Новая газета»-ի, հիմնվում է պաշտոնական հաղորդումների վրա

Մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, պարբերաբար շչակներ են միանում։ Քիչ առաջ Կիևում օդային տագնապ էր։ Մարդկանց հորդորում են թաքնվել ապաստարաններում։ Ավելի ուշ քաղաքապետը պարետային ժամ է հայտարարել։ Խարկովի իշխանությունները կոչ է արել բնակիչներին չլքել մետրոպոլիտենի տարածքը։

Ուկրաինան ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը։ Ռուսաստանի հարավում գտնվող 14 օդանավակայաններ մինչև մարտի 2-ը փակ են։

Մարդկային կորուստներ
(Երևանի ժամով 19։25-ի դրությամբ)

Մինչ այս պաշտոնական Կիևը հաղորդել է 51 զոհերի մասին։

— Կիև մարզի Բրովարի քաղաքում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 1-ը վիրավոր է․ ՈՒՀ ՆԳՆ

— Չուգուև քաղաքում (Խարկովի մարզ) հրթիռի հարվածից բնակելի տուն է հրդեհվել։ Պայթյունի արդյունքում անչափահաս երեխա է մահացել, կան նաև վիրավորներ․ ՈՒՀ ԱԻՆ

— Նիկոլաևում ռազմաօդանավակայանի ռմբակոծման արդյունքում կա 1 վիրավոր։ Բերդյանսկի շրջանի Բերդի գյուղում ռմբակոծել են հակաօդային պաշտպանության զորամասը։ Մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։ Խերսոնի մարզի Պրեոբրաժենկի շրջանը ռմբակոծել են Ղրիմից, մահացել է մեկ սահմանապահ։ Սկադովսկի շրջանում սահմանապահները ենթարդկվում են օդային հարձակման․ 3 սահմանապահ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Միրգորոդ քաղաքում ռազմական օդանավակայանի А1356 հատվածի ռմբակոծման հետևանքով 4 զինվորական է վիրավորվել․ ՈՒՀ ՆԳՆ

— Պոդոլսկում (Օդեսայի մարզ) ռմբակոծման հետևանքով մահացել է 6 հոգի, 7-ըվիրավոր են, 19-ը՝ անհետ կորած։ Մարիուպոլում (Դոնեցկի մարզ) կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և երկու վիրավոր․ ՈՒՀ ՆԳՆ

— Կիևում պայթյունից 6 հոգի է մահացել, 12-ը վիրավոր են․ Կիևի քաղաքապետ

— Օդեսայի մարզի Լիպեցկոյե գյուղում 22 մարդ է զոհվել՝ 11 տղամարդ և 11 կին։ 6 հոգի հոպիտալացվել են․ Օդեսայի մարզպետարան

— Փրկարարները հայտնում են, որ Օբուխովի շրջանում ուկրաինական ռազմական ինքնաթիռ է խոցվել․ ներսում գտնվող 14 մարդկանցից 5-ը մահացել են։

https://twitter.com/ukrainenews0/status/1496856725626007554?s=12

— Ուգլեդար քաղաքում (Դոնեցկի մարզ) ռուսական զորքերը սպանել են 4 քաղաքացիների և վիրավորել 10-ին․ ռումբը հարվածել է տեղային հիվանդանոցին։ Վիրավորներից 6-ը բուժանձնակազմի անդամ են։ Ռմբակոծումը տեղի է ունեցել ժամը 11-ին․ Դոնեցկի մարզպետարան

Ի՞նչի համար

Ռուսական ուժերը կարող են փորձել դեսանտավորվել կառավարական թաղամասում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ըստ նրա, Ռուսաստանը երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ տարածքներ գրավել Ուկրաինայի արևելքում (այդ թվում՝ Սումին և Խարկովը) և հարավում։ Երկրորդը՝ մաքսիմալ հուժկու հարված հասցնել Ուկրաինայի ղեկավարությանը։ Պոդոլյակի փոխանցմամբ՝ նպատակը երկրի բարձրագույն իշխանություններին հեռացնելն է։

Ռուսաստանի նախագահի խոսնակն հայտարարել է, թե «ռազմական օպերացիայի» ավարտը կորոշի Վլադիմիր Պուտինը՝ կախված իրավիճակից։ Ըստ նրա, ռուսական զորքերի նպատակը Ուկրաինայի բռնազավթումը չէ, այլ «ապառազմականացումը», ինչ էլ որ դա չնշանակի․․․