Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը ներկայումս Հայաստանի տարածքն օգտագործում է միայն Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթների համար։ Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն։
Ըստ կառույցի՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը AZAL-ը 31 901․77 եվրո է վճարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին՝ Հայաստանի տարածքով կատարված չվերթների «աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման» դիմաց։ Գումարն ընկերությանը փոխանցվել է «Եվրակոնտրոլ» միջազգային ընկերության միջոցով։
Հիշեցնենք՝ AZAL-ն անցյալ տարի հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ից Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթներն իրականացվում են նաև Հայաստանի օդային տարածքով։
Քաղավիացիայի կոմիտեն նաև նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվել Հայաստանի օդանավ շահագործողների կողմից, հավելելով, որ «օդային ուղիների ընտրությունը գտնվում է բացառապես ավիաընկերությունների իրավասության տիրույթում»։
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 6-ի իր հայտարարության մեջ Քաղավիացիայի կոմիտեն նշել էր, որ «այս ողջ ընթացքում Երևանի «Զվարթնից» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով իրականացվել ու իրականացվում են չվերթներ դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ»։