Ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետ, «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» աջակողմյան կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովը, գրում է Detsche Welle-ն։ Պատճառն, ըստ հաղորդման, Եվրամիության օգնության չարաշահման դեպքերն են։
Նախօրեին մայրաքաղաք Սոֆիա էր ժամանել ԵՄ դատախազության ղեկավար Լաուրա Կովեսին։ Վերջինս հայտարարել է, որ կառույցը Բուլղարիայից ռեկորդային թվով բողոքներ է ստացել Եվրամիության միջոցների ոչ իրավաչափ օգտագործման մասին։ Ըստ Կովեսիի՝ քննվում է այդպիսի շուրջ 120 դեպք։
Նախկին վարչապետ Բորիսովից բացի ձերբակալվել են նրա մի շարք ենթականեր, այդ թվում՝ ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը։ Ներկայիս վարչապետ Կրիրլ Պետկովն էլ հայտարարել ՝ «Ոչ ոք վեր չէ օրենքից»։
Բոյկո Բորիսովը Բուլղարիայի վարչապետ է եղել 3 անգամ՝ 2009-2013, 2014 -2017-ին, ապա 2017-2021 թվականներին։ Նա հայտնի է մի շարք սկանդալներով, որ ծագել են իր կառավարման տարիներին, այդ թվում՝ կոռուպցիոն մեխանիզմների զարգացմամբ (չնայած ի սկզբանե խոստացել էր վերջ դնե կոռուպցիային), մամուլի նկատմամբ ճնշումների և լրագրողների կաշառելու փորձերով, երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ռասիստական հայտարարություններով։ 2020-2021 թվականներին Բուլղարիայով մեկ (ինչպես նաև՝ արտերկրում) բողոքի զանգվածային ցույցեր են ընթացել Բորիսովի կառավարության դեմ։
Ցույցերը պայմանավորված էին երկրի նախագահի նկատմամբ Բորիսովի կառավարության ճնշումներով, լայնածավալ կոռուպցիայով, մամուլի ազատության բացակայությամբ, Կորոնավիրուսի համավարակի սխալ կառավարմամբ և այլ խնդիրներով։ Պահանջները ներառում էին Բորիսովի հրաժարականն ու բանտարկումը, ինչպես նաև իր մի շարք համախոների ու ենթակաների հեռացումը պաշտոնից։ 2021-ի ապրիլի 16-ին՝ ցույցերի 282-րդ օրը, Բորիսովը վերջապես հրաժարական տվեց։
Ցույցերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ