Home / Բանակ / Զոհված լեյտենանտի հայրը սպառնում է ինքնահրկիզվել

Զոհված լեյտենանտի հայրը սպառնում է ինքնահրկիզվել

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նստացույցին է միացել 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը։ Միսաք Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, պահանջում է ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և սպառնում ինքնահրկիզվել, եթե մինչև մայիսի 8-ն այս պահանջը չբավարարվի։

«Էտ ստոր արարածը հայտարարություն արեց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել, այս նույն պայմանները լիներ, բայց թույլ տվեց, որ պատերազմը շարունակվի։ ․․․ Ես չեմ կարող նայել, ինչպես է Հայաստանը կործանվում», – Ազատության հրապարակում հավաքված լրագրողներին ասում էր Ավետիսյանը։

Նա հրապարակ էր եկել զինվորական համազգեստով՝ ավագ լեյտենանտի ուսադիրներով։ Ասում էր՝ տղան Մատաղիս գյուղում է ծառայել, պատերազմից առաջ եղել է վաշտի հրամանատար, հետո դարձել գումարտակի հրամանատարի տեղակալ։ Քանի որ Մատաղիսը նա շատ էր սիրում, «Երևանի պես՝ համարում էր իրա մայրաքաղաքը», հոկտեմբերի 6-ին վաշտով փորձել է հետ գրավել գյուղը և զոհվել։

Ավետիսյանը հրապարակից դիմում էր Դատախազությանն ու ԱԱԾ-ին՝ պահանջելով ձերբակալել Հայաստանի ղեկավարին, որին «դավաճան» կամ «թշնամու գործակալ» էր անվանում։ Ասում էր՝ եթե չձերբակալեն, «մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը» Հանրապետության հրապարակում ինքն իրեն կհրկիզի։ 

Զոհված սպայի հայրը վստահ է՝ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը և խուսափել զոհերից։ Մյուս կողմից՝ խոստանում է, որ վարչապետին հեռացնելուց հետո «մինչև վերջին արյունը պատրաստ է տալ՝ Մատաղիսը հետ բերելու համար»։

Ազատության հրապարակ էր եկել ևս մեկ զոհված զինծառայողի հայր՝ Գարիկ Գալեյանը։ Վերջինս դիմում էր բժիշկներին և իրավաբաններին, կոչ էր անում, որ բոլորը միանան ընդդիմության ապրիլի 26-ի հանրահավաքին։ 

«Պիղծ Նիկոլը, սա էնքան սրբապիզծ ա, որ ցեղասպանությունն ա իրա ուրանում ու սրբապիղծի պես գնում ա Ծիծեռնակաբերդ․․․ Դրան երևի ծրտել են՝ դա չի ծնվել», – ասում էր տղամարդը։ Շարունակությունը հիմնականում վիրավորանքներ էին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և հատկապես Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանին։

___

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ երկու տասնյակ հարազատներ հավաքվել էին Գլխավոր դատախազության մոտ․ նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Դատախազության մոտ հավաքվածների մեծ մասը Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ազգականներն էին։ Նրանք պնդում էին, որ ապրիլի 13-ին վարչապետն Ազգային Ժողովում հանցագործության մասին ինքնախոստովական ցուցմունք է տվել։

Փաշինյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ակնարկել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, կկանգնի նոր պատերազմի վտանգի առջև։ Խոսելով 2020 թվականի պատերազմից, նա հայտարարել էր․ «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ․ հանձնելով գուցե փրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,  «կարող էին(ք) կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։