Ցուցարարները չեն պատրաստվում դուրս գալ Շրի Լանկայի նախագահական և վարչապետական նստավայրերից մինչև երկու ղեկավարները պաշտոնական հրաժարական չտան։
Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան այսօր պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարական է տալու հուլիսի 13-ին։ Նախագահի եղբայրը՝ Մահինդա Ռաջապակսան, նույնպես խոստացել է հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ ճեղքել էին ոստիկանական պատնեշն ու ներխուժել նախագահական նստավայր։ Ցուցարարները նաև հրկիզել էին վարչապետի նստավայրը՝ վերջինիս հրաժարական տալու խոստումից անմիջապես հետո։
Տեղական News First-ի փոխանցմամբ, հուլիսի 9-ի զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 103 մարդ (այդ թվում՝ 11 լրագրող) է տուժել: Առնվազն 55 հոգի ստացիոնար բուժում է ստանում Կոլոմբոյի ազգային հիվանդանոցում։ Երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել։ Զոհերի մասին հավաստի հաղորդումներ չկան։
«Եթե հստակ անցում չկատարվի, նախագահի և վարչապետի հրաժարականը կստեղծի իշխանական վակուում, որը կարող է վտանգավոր լինել։ Նախագահը կարող է նոր համակուսակցական կառավարություն նշանակել, բայց արդյոք նրանք կընդունվեն ցուցարարների կողմից, դեռ պարզ չէ», – ասում է քաղաքական վերլուծաբան Կուսալ Պերերան։
Երկրում տնտեսական ճգնաժամ է՝ վատագույնը 1948-ից ի վեր։ Սննդամթերքի, վառելիքի, դեղամիջոցների պաշարները չեն բավարարում, կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ներկրելու համար անհրաժեշտ արտարժույթը սպառվել է։ Ցուցարարները պահանջում են նախագահի ու կառավարության հրաժարականը։
Բողոքի ցույցերը Շրի Լանկայում սկսվել էին դեռևս մարտի վերջին։ Շաբաթներ շարունակ Շրի Լանկայի տարբեր քաղաքներում անհնազանդության ակցիաներ էին՝ պահանջով, որ Ռապափակսա եղբայրները լքեն իշխանությունը։ Արդյունքում հրաժարական էին տվել կառավարության բոլոր անդամները (26 նախարարներ, այդ թվում՝ նախագահի որդին և երկու եղբայրները)՝ բացի նախագահից և վարչապետից:
Ռաջապակսաները իշխանությունը կորցրել էին 2015 թվականի ընտրությունների արդյունքում, երբ բնակչության շրջանում աճեցին ավտորիտար ռեժիմի, նեպոտիզմի և կոռուպցիայի դեմ բողոքները։ Սակայն չորս տարի անց նրանք վերականգնեցին իշխանությունը, երբ 2019֊ին նախագահ ընտրվեց Գոտաբայա Ռաջապակսան։
2005֊ից 2015 թվականները Շրի Լանկայի նախագահն էր նրա եղբայր Մահինդա Ռաջապակսան։ Մահինդան վերջ տվեց Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմին, սակայն ՄԱԿ֊ի տվյալներով նրա ռազմավարության արդյունքում միայն վերջին շաբաթների ընթացքում զոհվել է 40 հազար խաղաղ բնակիչ։ Մահինդան այժմ Շրի Լանկայի վարչապետն է։ Մյուս Ռաջապակսա եղբայները երկրում զբաղեցնում էին ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։
Շրի Լանկան կղզի-պետություն է Հնդկական օվկիանոսում։ Այն անկախացել է Մեծ Բրիտանիայից 1948թ․-ին։ Երեք էթնիկ խմբեր՝ սինհալները, թամիլները և մուսուլմանները կազմում են 22 միլիոնանոց բնակչության 99%-ը: