Մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է․ Երևանում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին։ Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան։
Այսօրվա մամուլի ասուլիսին այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Մինչև հուլիսի 22-ը Հայաստանը կմնա Արաբական թերակղզու անապատներից հուլիսի 10-ին ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության գոտում․ էական փոփոխություններ, այսինքն, չեն լինի։
Սուրենյանի խոսքով՝ առաջ նման շոգեր գրանցվում էին 5 տարին մեկ, հիմա՝ ամեն տարի:
«Վերջին տասնամյակում բարձր ջերմային ֆոնը, շոգերը հանրապետության համար դարձել են սովորական: Գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում, Երևանում պահպանվել է 10-15 օր:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000 ական թվականները 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականների ընթացքում գրեթե կրկնվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է 5-7 օր», – ասել է մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրենը:
Հուլիսի 17-ին գրանցված 40-41 օդի ջերմաստիճանը, ըստ նրա, չի գերազանցել պատմական առավելագույն ցուցանիշը: Այն է՝ 2011 թվականի հուլիսի 31-ին գրանցված 43,7 աստիճանը Մեղրիում և 42-ը՝ Երևանում:
Ի՞նչ անել
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը նորմայից բաձր է, խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանը։
Անհրաժեշտ է նվազեցնել նաև ֆիզիկական ակտիվությունը․ առավել ուշադիր պետք է լինեն հղիները, մեծահասակները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները։
Օրվա ընթացքում հարկավոր է խմել 2-3 լիտր ջուր: Քրոնիկ հիվանդությունների պարագայում ջրի քանակը պարտադիր պետք է քննարկվի բժշկի հետ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից: Արևապաշտպան քսուկները պարտադիր են։
Գրիգորյանը հորդորում է վերանայել նաև սննդակարգը, նախապատվություն տալ բուսական ծագման սննդամթերքին, ուշադրություն դարձնել սննդի պահման պայմաններին։
40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում անմիջական ղեկավարի համաձայնությամբ պետք է հաճախակիացվեն նաև աշխատանքային ընդմիջումները:
«Եթե սովորական օրերին ունենում ենք մեկ ժամ ընդմիջում, ապա շոգ օրերին անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացնում ենք ընդմիջումները:
Օրինակ, ամեն ժամից 10 րոպե ընդմիջում սահմանել: Բացօթյա աշխատանքը ևս պետք է սահմանափակվի»։