Home / Մեդիա / Հերթական ռուսաստանցի լրագրողին չեն թողել մտնել Վրաստան

Հերթական ռուսաստանցի լրագրողին չեն թողել մտնել Վրաստան

Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Ալեշկովսկուն չեն թողել մտնել Վրաստան: Այս մասին հայտնել է նրա մայրը՝ պատմաբան Թամարա Էյդելմանը։

Ալեշկովսկին կնոջ և դստեր հետ ապրում է Թբիլիսիում, երկու օրով մոր հետ եկել էր Երևան։ Վրաստան վերադառնալու ճանապարհին նրա մուտքն արգելել են և հետդարձի չվերթով ուղարկել Հայաստան։ 

«Զարմանալին այն է, որ այս ամբողջ խայտառակությունը տեղի է ունենում օդանավակայանի սրահում, որտեղ փայլում է հսկայական էլեկտրոնային մի գրություն՝ Be brave like Ukraine (Եղիր խիզախ ինչպես Ուկրաինան)։ 

Ահա այսպիսին են պարզվում է վրացական իշխանությունները brave…

Ահա այսպես են նրանք քծնում Պուտինին, ով խլել է նրանց հողի մի մասը», – գրում է Էյդելմանը։

Ալեշկովսկին «Нужна помощь» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է, ինչպես նաև «Такие дела» մեդիահարթակի ստեղծողն ու տնօրենը։ Հուլիսին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ներառեց նրան «օտարերկրյա գործակալների» ցուցակում։

Վերջին ամիսներին Վրաստանի իշխանությունները ռուս ընդդիմադիր ակտիվիստներին և լրագրողներին առանց բացատրության պարբերաբար թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան։ 

Վերջին երկու շաբաթների ընթացքում երկու անգամ արգելել են Վրաստան մտնել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թիմակից, փաստաբան, քաղաքական էմիգրանտ Ֆյոդոր Տելինին։ Հուլիսին նույն արգելքը կիրառվել է նաև ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի նկատմամբ։