Ակտիվիստ և լրագրող Յուրի Իզոտովը, ով Ռուսաստանից հեռացել էր երեք տարի առաջ, քաղաքական ապաստանի հայցով դիմել է Վրաստանի իշխանություններին։
«Ես ապաստան հայցելու դիմում եմ ներկայացրել, որ չկարողանան Ռուսաստան վտարել կամ արտահանձնել», – «Էխո Կավկազայի» հետ հարցազրույցում պատմում է Յուրի Իզոտովը։ «Դեռ վտանգ կա, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում կսկսեն Կիևի բողոքի ակցիաների և Մոսկվայում ցույցերը ցրող ուժայինների մասին տվյալների հրապարակման հետ կապված»։
Յուրի Իզոտովի ակտիվիզմը սկսվել է Ուկրաինայի արևելքի հակամարտության հետ՝ 2014 թվականին։ Այդ ժամանակ 18-ամյա Իզոտովը մասնակցում էր հակառազմական ակցիաներին, շփվում էր ուկրաինացի ակտիվիստների հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում են խնդիրները։
2016-ի հուլիսին Իզոտովը Լուգանսկի մարզ էր գնացել, որտեղ կամավոր աշխատում էր «Կառուցում ենք Ուկրաինան միասին» ճամբարում, օգնում էր տեղի բնակիչներին վերանորոգել պատերազմի արդյունքում խարխլված տները։ Այդ ժամանակ Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում պատմել էր, որ Ուկրաինա մեկնել է ամեն ինչ իր աչքերով տեսնելու և «անձնական մասնակցությամբ քավելու համընդհանուր մեղքը՝ Ուկրաինայում մեր պետության արածների համար»։ Լուգանսկից վերադառնալիս սահմանապահներն ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ակտիվիստին սպառնացել են փչացնել արտերկիր մեկնելու անձնագիրն ու քրեական գործ հարուցել։
Եկատերինբուրգում բողոքի ակցիաների ժամանակ Իզոտովի վրա հարձակվել էին, սպառնում էին սոցիալական ցանցերում։ 2016-ի դեկտեմբերին ակտիվիստը հեռանում է Ռուսաստանից, բայց շարունակում է բողոքի ակցիաների մասնակցել արտերկրում։ Կիևում ևս նա չի կարողանում մնալ․ Ուկրաինայի իշխանությունները մերժում են բնակության թույլտվության երկարաձգումը։ Իզոտովը Թբիլիսի է տեղափոխվում։
– Բնակարան եմ վարձել Թբիլիսիում, աշխատում եմ «Грани.ру» ինտերնետ֊հրատարակչությունում, լուրեր եմ գրում։ Պլանավորում եմ այս տարի համալսարան ընդունվել, բարձրագույն կրթություն չունեմ։ Նաև «Քաղաքական Կարմիր խաչի միջազգային կոմիտե» կազմակերպությունն ենք գրանցել։ Հիմնադիրները ես ու Վիտալի Շիշկինն ենք։ Շիշկինը Ռուսաստանի քաղբանտարկյալ էր, ով քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում։ Ուզում ենք քաղբանտարկյալների աջակցությամբ զբաղվել։ Տարբեր կազմակերպություններ կան, որ հասցեական օգնություն են ցուցաբերում մարդկանց, բայց բավականին նեղ շրջանակ են ծածկում։ Մենք ուզում ենք բոլորին օգնել։
Եթե վերադառնամ ինձ հարցաքննությունների են կանչելու, գուցե մեկուսարան տանեն։ Իսկ ես իմ հոգեբանական վիճակով չեմ ձգի մեկուսարանում։ Գուցե ես զղջում եմ արածիս համար, բայց նստել հաստատ չեմ ուզում։ Դրա համար էլ քաղաքական ապաստան հայցելու որոշում եմ կայացրել։
– Վերջերս ֆեյսբուքում գրել էիք, որ զղջում եք, որ գնացել եք։ Ինչո՞ւ։
– Այո… Սպառնալիքներ էի ստանում։ Բայց հիմնականում էմոցիոնալ որոշում էր։ Երևի ուզում էի օգնել Ուկրաինային։ Ռոմանտիկ պատկերացումներ ունեի այդ երկրի մասին․ որ հեղափոխություն է եղել, նոր հասարակություն է կառուցվում և այլն։ Հիմա այդ պատրանքները ցրվել են։ Մտածում եմ գուցե ավելի օգտակար լինեի Ռուսաստանում մնալով։ Այնպես ստացվեց, որ Ուկրաինայում բողոքի ակցիային մասնակցելով կտրեցի հետդարձի ճամփաս և հիմա ոչինչ չեմ կարող անել դրա հետ։ Կարծում եմ, Ուկրաինայի վրա ծախսած տարիներս իզուր են անցել, ոչ մեկին չեմ օգնել։ Տեսնում ենք, չէ՞, որ Մայդանի բոլոր հաջողությունները ջուրը գնացին։ Ուկրաինան հեռանկարներ չունի, ցավոք։
– Ռուսաստանում լրագրությամբ կզբաղվեի, դատական գործեր, հանրահավաքներ ու այլ իրադարձություններ կլուսաբանեի։ Վերադառնալու տարբերակը շատ պարզ է․ եթե երաշխավորեն, որ քրեական հետապնդում չի լինի՝ կվերադառնամ։ Կարծում եմ նման իրավիճակում խաբելու հավանականությունը մեծ է։ Վերադառնալու դեպքում ինչ ասես կարող են անել։ Եթե ենթադրենք, որ ինչ որ մեկն ինձ այդ երաշխիքները տվել է, մինևնույն է, դժվար թե հավատամ։
– Հավատու՞մ եք, որ մոտակա տարիներին կկարողանաք վերադառնալ: Թե՞ Վրաստանի կամ ուրիշ երկրի հետ եք կապում պլանները։
– Հույս կա։ Եվ այն կապված է Ռուսաստանի բողոքի ակցիաների հետ։ Տեսնում ենք, որ 2019֊ն ռեկորդային էր բողոքի ակցիաների քանակով՝ Շիես, Մոսկվա, Եկատերինբուրգ։ Տեսնում ենք, որ մարդիկ դժգոհ են, չեն վստահում իշխանություններին։ Հույսեր եմ փայփայում, որ այս իշխանությունը մոտ ժամանակներում այնուամենայնիվ կվերանա։ Այդ դեպքում իհարկե կվերադառնամ։