հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / Հաագայի բողոքական եկեղեցին անվերջ շարունակվող պատարագով պաշտպանում է հայ ընտանիքին

Հաագայի բողոքական եկեղեցին անվերջ շարունակվող պատարագով պաշտպանում է հայ ընտանիքին

Նիդերլանդների Հաագա քաղաքի բողոքական եկեղեցիներից մեկն ավելի քան մեկ ամիս օր ու գիշեր, շաբաթվա բոլոր օրերին՝ առանց դադարի, պատարագ է մատուցում։ Պատճառը՝ Թամրազյանների ընտանիքի խնդիրն է, ովքեր ապաստանել են այդ եկեղեցում արտաքսման վտանգի պատճառով։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Նիդերլանդների օրենքով, ոստիկանությունը չի կարող ներխուժել եկեղեցի, քանի դեռ այնտեղ պատարագ է ընթանում։

Փախստականների ընտանիքը հոկտեմբերի վերջից Թամրազյանները երեք երեխաների հետ եկեղեցու ձեղնահարկում են պատսպարվել, քանի որ դատարանը մերժել է օրինակալ բնակվելու նրանց դիմումը։ Տեղական լրատվամիջոցները գրում են․ ոստիկաններն, արտաքսման օրդերը ձեռքին, հերթապահում են եկեղեցու դռների մոտ, սակայն չեն կարող ներս մտնել, քանի որ օրենքն արգելում է նրանց աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններ անցկացնել։ Ընտանիքի ամենափոքրը՝ 15-ամյա Սեյրանը, մեկ ամիս է՝ դպրոց չի գնացել։

«Լինելով եկեղեցում, մտածում եմ՝ ի՞նչ գործ ունեմ այստեղ։ Բայց եթե այստեղից դուրս գանք, ամեն պահ կարող են մեզ ձերբակալել», ֊ ասում է Սեյրանը։ Իրավապահների մուտքը կանխելու և շուրջօրյա ծեսեր կազմակերպելու համար բողոքական փոքրիկ եկեղեցին դիմել է Նիդերլանդների և ողջ աշխարհի քրիստոնյաներին։ «Ի՞նչ կաներ Քրիստոսը մեր փոխարեն։ Ո՞վ, եթե ոչ մենք», ֊ Թվիթերում գրել է եկեղեցու առաջնորդ սպասավորը։

Արձագանքը չի ուշացել. Հաագա են եկել հոգևորականներ Նիդեռլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից: Ու հիմա նրանք կամավորության սկզբունքով՝ երկու ժամը մեկ փոխարինում են իրար եկեղեցու խորանի մոտ, որպեսզի պատարագը ոչ մի վայրկյան չդադարի:

«Շատ հուզիչ է տեսնել՝ ինչ են անում մեզ համար այս օտար մարդիկ: Ու շատ հաճելի է զգալ, թե որքան մարդ է մեզ աջակցում: Գիշերը նույնպես պատարագ ու ծես են մատուցում: Երբ չեմ կարողանում քնել, իջնում եմ ներքև, որ նրանց աղոթքները լսեմ», – ասում է Սերյրանը:

Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Նիդեռլանդներ է տեղափոխվել 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Պնդում է, թե այդ տարիներին Հայաստանում հետապնդման է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար:

Նիդեռլանդների իշխանությունը փաստարկում է՝ Հայաստանը հիմա անվտանգ երկիր է, ընտանիքը կարող է անարգել հայրենիք վերադառնալ: 15-ամյա Սեյրանը, սակայն, որ ծննդավայր Հայաստանից գրեթե ոչինչ չի հիշում, խոստովանում է՝ Նիդեռլանդները դարձել է իր երկրորդ հայրենիքը, որից դուրս կյանքը դժվար է պատկերացնում:

«Նրանց ապաստան տալը ծանր, բայց՝ ճիշտ որոշում էր», – իր հերթին փաստում է բողոքական եկեղեցու առաջնորդ Թեո Հեթթեման: – «Մենք դժվարին երկընտրանքի առաջ էինք: Մի կողմից՝ հարգանքն է մարդու արժանապատվության ու քրիստոնեական արժեքների հանդեպ, մյուս կողմից՝ կառավարության որոշումը: Ի վերջո, սակայն, ես մեր եկեղեցու հետևորդներին ասացի՝ պետք է բացենք դռները այս ընտանիքի առջև, որպեսզի հավատարիմ մնանք եկեղեցու մարդասիրության ու հյուրընկալության սկզբունքին», – հավելում է նա: