հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով․ Փաշինյանի արձագանքը

Ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով․ Փաշինյանի արձագանքը

Ժամը 11։30-ի դրությամբ, ունենք 49 զոհ՝ հաստատված ՊՆ կողմից, բայց այդ թիվը վերջնական չէ։ Այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Նիստին վարչապետը պարզաբանում էր սեպտեմբերի 13-ին սկսված իրադարձությունների համատեքստը․

Խաղաղության սկզբունքներ

Բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա։

Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։ 

Մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։

Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում․ ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ՝ Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կա՛մ 2021թ․ մայիսի 12-ի գործողությունների արդյունքում, կա՛մ Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։

Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք ադրբեջանի կողմից չի ստանում։

Կոմունիկացիաների բացում

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։

Հայաստանի Հանրապետության տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ-ի տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը՝ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները։

Եռակողմ հայտարարություն

Վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը, այսպես ասած, փորձում է շրջանառությունից հանել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Եվ այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն է երևում։

Հայկական բանակ

2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որը իր ձևակերպմամբ կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ըստ Հայաստանի ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նախարարության հաղորդմամբ, «որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։

Ըստ ադրբեջանական մամուլի կրակը դադարեցվել է։ Այս հարձակումը նրանք ևս անվանում են հատուկ օպերացիա, որի նպատակը նոր դիրքեր գրավելն է։ Հայտնում են նաև հայկական կողմի մեծ կորուստների մասին։