Ղրղզստան-Տաջիկստան սահմանի երեք կետերում փոխհրաձգություն է սկսվել. երկու կողմերը հայտնել են վիրավորների, իսկ Տաջիկստանը՝ նաև մեկ զոհի մասին։
Բատկենի մարզի Ռադար շրջանում տեղի է ունեցել երկու կողմերի պատվիրակությունների հանդիպումը․ նրանք քննարկում են սահմանից ուժերի հետ քաշումը, գրում է Ազատություն (Azattyk) ռադիոկայանի ղրղզական ծառայությունը։ Փոխհրաձգությունը սկսելու մեջ կողմերն իրար են մեղադրում․ սահմանին իրավիճակը շարունակվում է լարված մնալ, հաղորդում է Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեն։
Փոխհրաձգության առաջին դեպքը առավոտյան էր արձանագրվել՝ Բատկենի «Բուլակ-Բաշի» տեղամասում՝ Վորուխ անկլավի մոտ։ Ըստ ղրղզական կողմի, նրանց սահմանապահ ծառայությունները պետությունների միջև չսահմանազատված հատվածում Տաջիկստանի զորախումբ են հայտնաբերել, որը մարտական դիրքեր էր զբաղեցրել և, արհամարելով տարածքը լքելու պահանջները, կրակ բացել՝ դիմելով նաև ականանետերի օգնությանը։
Տաջիկական կողմը պնդում է, որ «Բուլակ-Բաշիի» սահմանապահները մոտավորապես ժամը 7։15-ին ականանետից չորսը կրակոց են արձակել «Կեխ» սահմանային դիրքի վրա, ինչպես նաև առանց որևէ պատճառի տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել տաջիկ սահմանապահների դիրքերի ուղղությամբ։
Երկու կողմն էլ հայտնում է, որ պատասխան կրակ են բացել։
Ղրղզստանը դեպքի հետևանքով երկու վիրավոր զինծառայողի մասին է հայտնել, իսկ Տաջիկստանը՝ երկու վիրավորի և մեկ զոհի։
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունների տվյալներով, կեսօրից հետո «Բուլակ-Բաշիում» փոխհրաձգությունը դադարել է։
Մոտ 14։00-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության այլ դեպքի մասին, այս անգամ՝ «Կակ-Սայ» տեղամասում։ Ժամը 14։40-ին փոխհրաձգությունը դադարել է։ Վիրավորների և զոհերի մասին դեռևս հայտնի չէ։
Ժամը 15։08 փոխհրաձգություն է սկսվել նաև Բատկենի Փասքի-Առիք տեղամասում։ Ղրղզական կողմի հաղորդմամբ, Տաջիկստանը կրակ է բացել «Սամարքանդեք» դիրքի ուղղությամբ, որի հետևանքով Ղրղզստանի երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ 31-ամյա մի կին և 21-ամյա մի տղամարդ։
Վիրավորներին տեղափոխել են Լեյլեքի հիվանդանոց, որտեղ նրանք համապատասխան բուժօգնություն են ստանում։ Ղրղզական կողմի հաղորդմամբ, ժամը 16։00-ի դրությամբ Փասքի-Առիքում փոխհրաձգությունը դադարել է։
Տաջիկստանը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել այս դեպքի վերաբերյալ։
Սա վերջին երեք ամիսների ընթացքում Ղրղզստան-Տաջիկստան սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների երրորդ դեպքն է։ Առաջինը հունիսի 3-ին էր արձանագրվել՝ «Բուլակ-Բաշիում», և մի քանի ժամ տևել․ վիրավորվել էին Ղրղզստանի երկու զինծառայողներ։
Նույն հատվածում հունիսի 14-ին տեղի էր ունեցել նաև երկրորդ միջադեպը․ ղրղզական կողմը հայտնել էր, որ զոհեր և վիրավորներ չունի, իսկ Տաջիկստանը հաղորդել էր սահմանապահ ուժերի հրամանատարների մեկի վիրավորվելու մասին։ Հաղորդվում էր նաև 26-ամյա տաջիկ սահմանապահի զովելու մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ հերքվել էր։
Տաջիկ-ղրղզական սահմանի երկարությունը 976 կմ է, որից սահամանազատված է միայն 519 կմ-ը։ Վիճահարույց են մնում Ղրղզստանի Բատկեն շրջանի և Տաջիկստանի Սուղդի շրջանի միջև ընկած հատվածները, որտեղ երկու պետությունների բնակիչների գյուղերն ու տները իրար շատ մոտ են գտնվում, ինչը դժվարացնում է սահմանային գիծը որոշելը։ Այս անորոշության պատճառով հաճախ բախումներ են տեղի ունենում հարևան պետությունների բնակիչների և սահմանապահների միջև՝ ջրի, հողի և կոմունիկացիաների իրավունքի համար։