Այսօր վաղ առավոտյան Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել․ կրակ է բացվել ականանետերից ու նռնականետերից։ Արդյունքում, «Օզոդի» ռադիոկայանի տվյալներով, մահացել է 26-ամյա տաջիկ սահմանապահը։
Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանային ծառայության տվյալներով՝ ժամը 6:50-7:00-ի սահմաններում «Կեխ» (Տաջիկստան) սահմանային դիրքից կրակոց է արձակվել «Բուլակ-Բաշի» (Ղրղզստան) սահմանային դիրքի ուղղությամբ, ինչին ղրղզական կողմը պատասխան կրակով է արձագանքել։
«Երկու կողմերի սահմանապահներն անմիջապես մարտական դիրքեր են գրավել։ Հեռախոսազրույցներ են ունեցել Բատկենի շրջանում Ղրղզստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչը և Սուղդի շրջանում Տաջիկստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչը։ Դեպքի վայր են մեկնել կողմերի սահմանապահ ջոկատների ղեկավարները։ Սակայն ժամը 7:50-ին տաջիկական կողմը կրկին սկսել է կրակահերթը՝ ականանետերի կիրառմամբ»,- հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը։
Տաջիկստանի Վորուխ անկլավի տեղական իշխանությունների փոխանցմամբ «Ղրղըզ սահմանապահներն առանց նախազգուշացման կրակ են բացել վաղ առավոտյան՝ նույնիսկ ականանետեր կիրառելով, արդյունքում կրակ են բացել նաև տաջիկ սահմանապահները։ Ցավոք, կրակոցների ձայները դեռ լսվում են»։
Փոխհրաձգության պատճառները պարզելու և իրավիճակի սրումը կանխելու համար՝ կողմերի սահմանային ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում։
Վերջին փոխհրաձգությունը Տաջիկստանի Վորուխ անկլավի սահմանին գտնվող Բուլակ-Բաշի շրջանում տեղի էր ունեցել հունիսի 3-ին, ինչի հետևանքով վիրավորվել էր 2 ղրղզ զինծառայող։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Տաջիկստանի ու Ղրղզստանի արտգործնախարարները երկկողմ բանակցություններ էին անցկացրել, որի ժամանակ քննարկվել էր հարաբերությունների ներկա վիճակը։ Երկու կողմերը հայտնել էին սահմանային հարցերը լուծելու պատրաստակամության մասին։
Ամենամեծ հակամարտությունը տաջիկ-ղրղզական սահմանին տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին Ակ-Սու գետի ջրառի մոտ, որտեղ տաջիկ սահմանապահները տեսախցիկներ էին տեղադրել՝ ջրի բաշխումը վերահսկելու համար, իսկ ղրղզ բնակիչները ընդդիմացել էին դրան։ Բախումների արդյունքում ղրղզական կողմից վիրավորվել էր 154, զոհվել՝ 36 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տաջիկական կողմից վիրավորվել էր 87 և զոհվել 19 մարդ։
Տաջիկ-ղրղզական սահմանի երկարությունը 976 կմ է, որից սահամանազատված է միայն 519 կմ-ը։ Վիճահարույց են մնում Ղրղզստանի Բատկեն շրջանի և Տաջիկստանի Սուղդի շրջանի միջև ընկած հատվածները, որտեղ երկու պետությունների բնակիչների գյուղերն ու տները իրար շատ մոտ են գտնվում, ինչը դժվարացնում է սահմանային գիծը որոշելը։ Այս անորոշության պատճառով հաճախ բախումներ են տեղի ունենում հարևան պետությունների բնակիչների և սահմանապահների միջև՝ ջրի, հողի և կոմունիկացիաների իրավունքի համար։