Twitter-ի ղեկավարի պաշտոնում Իլոն Մասկի առաջին երկու շաբաթները անցնում են սկանդալների, փոփոխությունների ու ազատ խոսքի մասին քննարկումների ֆոնին։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Twitter մտնելուն պես՝
— ցրել է ընկերության բարձրագույն ղեկավարների խորհուրդը՝ Twitter-ի միանձնյա տնօրենը դառնալու համար
— ազատել է աշխատանքից Twitter-ի աշխատակիցների կեսին՝ մոտ 3700 հոգու,
— հորդորել է մնացածներին աշխատել օրական 12-ժամ և հանգստյան օրերին՝ իր պահանջած փոփոխությունները կատարելու համար,
— առաջարկել է բոլոր օգտատերերին, Twitter-ի կապույտ նշանը (ստուգված աքաունթ) ունենալու համար, վճարել ամսական 8 դոլար,
— մեղադրել է Twitter-ի եկամտի զգալի անկման համար «ակտիվիստական խմբերին, որոնք ճնշում են գովազդատուներին»՝ ասելով, որ նրանք «փորձում են ոչնչացնել խոսքի ազատությունը Ամերիկայում»:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Իլոն Մասկը հոկտեմբերի 27-ին վերջապես 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ը և մտավ գլխավոր գրասենյակ՝ իր սեփական լվացարանով։
Entering Twitter HQ – let that sink in! pic.twitter.com/D68z4K2wq7
— Elon Musk (@elonmusk) October 26, 2022
«Twitter-ը կձևավորի բովանդակության, լայնորեն տարբերվող տեսակետերով, մոդերատորների խորհուրդ: Բովանդակության վերաբերյալ որևէ կարևոր որոշում կամ աքաունթի վերականգնում տեղի չի ունենա մինչև այդ խորհրդի նիստը», – գրեց իր էջում Մասկը՝ ակնարկելով Թրամփի աքաունթը վերաբացելու մասին խոսակցությունները։
Twitter-ի բովանդակության սահմանափակումների խստացումը առաջին պատճառներից մեկն էր, ինչի համար Մասկը՝ ազատ խոսքի ինքնահռչակ քարոզիչը, ձգտում էր գնել ընկերությունը: Այնուամենայնիվ, ի լրումն իր խնդրահարույց թվիթերի, նա չի պարզաբանում, թե ինչ նկատի ունի՝ ազատ խոսք և ընդունելի բովանդակություն ասելով։
130 հազար հետևորդներ ունեցող Մասկն, օրինակ, քաղաքական թվիթեր էր անում՝ ԱՄՆ-ում Միջանկյալ ընտրությունների ֆոնին (որի ժամանակ ամերիկացիներն ընտրում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներին, Սենատի մեկ երրորդը, նահանգների նահանգապետերին և օրենսդիր մարմիններին):
Ամենավառ օրինակը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակման մասին իր վարկածն էր, թե իբր Փոլ Փելոսին, ում ծեծի են ենթարկել իր տանը, հարբած է եղել և կռիվ է արել տղամարդ մարմնավաճառի հետ։ Ավելի ուշ Մասկը ջնջել է այդ թվիթը։
Մյուս քաղաքական թվիթն ուղղված էր «անկախ մտածող ընտրողներին»։ Միլիարդատերը խորհուրդ էր տալիս «քվեարկել Հանրապետական Կոնգրեսի օգտին, հաշվի առնելով, որ Նախագահությունը դեմոկրատական է»՝ պատճառաբանելով, որ այդպիսով կզսպվեն երկու կուսակցությունների ամենավատ կողմերը։
Twitter-ն ամեն օր կորցնում է 4 միլիոն դոլար
Մի շարք խոշոր բրենդներ վերջին օրերին դադարեցրել են գովազդային ծախսերը Twitter-ում, այդ թվում՝ Volkswagen-ը, General Motors-ը և Pfizer-ը։
«Գովազդատուների մոտ մտահոգություններ կան ապրանքանիշի անվտանգության հետ կապված։ Գովազդատուներն այս պահին չեն ցանկանում ասոցացվել այն իրադարձությունների հետ, որոնք այժմ տեղի են ունենում Twitter-ում», – ասում է MikMak գովազդային տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ռեյչել Թիպոգրաֆը:
Twitter-ի գրեթե ողջ եկամուտը ներկայումս գոյանում է գովազդից, և Մասկը ուղիներ է փնտրում ծախսերը կրճատելու ու հարթակից տարբեր եղանակներով գումար աշխատելու համար:
Ծախսերը նվազեցնելու համար՝ Մասկը հայտարարեց, որ «այլ ելք չունի», քան կրճատել ընկերության աշխատուժը, քանի որ «Twitter-ն օրական կորցնում է ավելի քան 4 միլիոն դոլար»։
Գումար աշխատելու համար՝ Մասկը անցյալ շաբաթ գործարկեց բաժանորդագրության նոր ծառայություն, որը թույլ է տալիս օգտատերերին ունենալ հարթակի (ստուգված աքաունթի) կապույտ նշանը՝ վճարելով ամսական 8 դոլար: Նախկինում այն հասանելի էր միայն պաշտոնատար կամ հայտնի անձանց ու կազմակերպությունների համար, որոնք պետք է ապացուցեին իրենց ինքնությունը: Կարելի է ասել՝ այն օգնում էր տարբերակել իրական պրոֆիլները ֆեյք պրոֆիլներից:
Այժմ, փաստորեն, բոլորը կարող են ունենալ այդ նշանից, միլիարդատերի կարծիքով այս փոփոխությունը «կժողովրդավարացնի լրագրությունը և կբարձրացնի ժողովրդի ձայնը»։ Սա անհանգստություն է առաջացրել պետական գործիչների, հայտնի անձանց, ԶԼՄ-ների և ընկերությունների շրջանում, որ նրանք կարող են անձնավորվել ցանկացած օգտատերի կողմից:
250 միլիարդ դոլար կարողություն ունեցող Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդն է 2022 թվականի դրությամբ։ Նա իրեն համարում է «կես-դեմոկրատ, կես-հանրապետական», «քաղաքականապես զուսպ» և «անկախ», այնուամենայնիվ՝ հեռու չմնալով քաղաքականությունից։ Օրինակ՝ Չինաստանին առաջարկել է ստեղծել «հատուկ վարչական գոտի» Թայվանում, իսկ Ուկրաինային, պատերազմը դադարեցնելու համար, առաջարկել է հրաժարվել Ղրիմից («քանի որ այն ռուսական է»), ընտրություններ անցկացնել Ռուսաստանի բռնազավթված տարածքներում, և դառնալ չեզոք։