Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին
Պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետ
Վահե Ղազարյանին
Բաց նամակ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի գործընկեր Զառա Սահակյանի Բրյուսովի 9 հասցեում գտնվող տան եւ հարակից տարածքի հետ կապված առաջանում են խնդիրներ, որոնք նա փորձում է լուծել դատական ճանապարհով։ «Հրավար» ՍՊԸ-ն հոկտեմբերի 15-ին,
օգտագործելով տեխնիկա՝ տրակտոր եւ ապամոնտաժման սարքավորումներ, ներխուժել է Զառա Սահակյանի ընտանիքի կողմից տարիներ շարունակ տիրապետվող տարածք՝ քանդելով ցանկապատն ու արմատախիլ անելով բակի ծառերը։ Այդ տարածքի սեփականության իրավունքի համար կինը դիմել է դատարան եւ այժմ գործը դեռեւս ընթացքում է, սակայն ապօրինի գործողություններ իրականացնողները իրավական ճանապարհով չեն առաջնորդվում։
Զառա Սահակյանը՝ տեսնելով ողջ ավերածությունը անմիջապես դիմել է Ոստիկանություն, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարան։ Մի քանի օր անց, Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ստորագրությամբ ստացել է իր դիմումի պատասխանը, որտեղ նշված է, թե Բրյուսովի 9 հասցեում կամ հասցեին կից շինարարարական աշխատանքների իրականացման դեպքեր չեն արձանագրվել, այլ իրականացվել են աղբի մաքրման աշխատանքներ՝ սանիտարական նորմերն ապահովելու նպատակով։
Առնվազն զարմանալի ու տարակուսելի է, որ կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ցանկապատի ոչնչացման եւ ծառերն արմատախիլ անելու գործողությունները ձեւակերպում է որպես աղբահեռացում, ինչը որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը։
Զառա Սահակյանը ներկայացրել է միջնորդություն՝ հայցի ապահովման վերաբերյալ, որն արգելում է «Հրավար» ՍՊԸ-ին որեւէ քանդման կամ շինարարական աշխատանքներ կատարել նշյալ 150 քմ տարածքում։ Հայցի ապահովումը ստանալուց հետո՝ նոյեմեբրի 3-ին «Հրավար» ՍՊԸ-ն կրկին, առավոտյան վաղ 6 -7-ի ժամանակահատվածում իրականացրել է Զ.Սահակյանին պատկանող խաղողի կոնստրուկցիայի եւ այլ գույքի հափշտակում, որի արդյուքում կինը դարձյալ դիմել է Ոստիկանություն եւ հարուցվել է 2-րդ քրեկան գործը։
Փաստացի, տարածքի սեփականության իրավունքի հարցը դեռեւս գտնվում է դատարանում եւ այդ տարածքի հետ կապված որեւէ գործընթաց իրականացվել չի կարող։ Ինչպես նաեւ, կարեւոր է արձանագրել, որ առկա չէ որեւէ ապացույց այն մասին, թե Զառա Սահակյանի կողմից տիրապետվող 150,6 հողամասը հանդիսանում է «Հրավար» ՍՊԸ-ի վարձակալության պայամնագրի մի մասը։
Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց չենք կարող չնկատել նաեւ շարունակական ճնշումները, որոնք կատարվում են մոր եւ մանկահաասակ երեխայի հետ բնակվող կնոջ նկատմամբ, որն ընտանիքի հիմնական կերակրողն է։ Հաճախ նման պարագաներում, երբ կանայք միայնակ են
համակարգի առջեւ, նրանց փորձում են կոտրել, նեղը գցել՝ հիմնականում տղամարդկանց կողմից ղեկավարվող ընկերությունները, ինչպես նաեւ նրանց հետ սերտորեն համագործակցող պաշտոնյաները։
Սույն նամակով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ՝ կատարվող ապօրինությունների մասին, ինչպես նաեւ վերստին կանգնել անարդարությունների դեմ պայքարող կանանց կողքին՝ չթողնելով նրանց համակարգի առջեւ մենակ։
Հույս ունենք, որ կից փաստաթղթերին ծանոթանալուց հետո կարվեն համապատասխան առարկայական եւ հստակ քայլեր՝ անօրինականություններին վերջ տալու ուղղությամբ։
Կից կարող եք տեսնել խնդրո առարկային վերաբերող փաստաթղթերը։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա